Ոստիկանները բերման են ենթարկել Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդուն. նա ձերբակալվել է
Ապրիլի 13-ին, ժամը 18.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է: