Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով:
«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ:
Այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։
Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։
Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։
Հարգանքով՝
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ»:
«Հարգելի Արարատ Սամվելովիչ,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։
Այս իրադարձությունը նշանավորեց Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։ Հիմնվելով ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքների, միջոլորտային և հումանիտար շփումների ավանդական հզորության վրա՝ Ռուսաստանը և Հայաստանը ստեղծել են ամուր պայմանագրային և իրավական հիմքեր, կառուցել բազմակողմ, հավասար, փոխշահավետ հարաբերություններ։
Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու դրսից փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ, ինչպես նաև մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։ Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի խորացնել և բարելավել գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։
Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի ԱԳՆ բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարօրություն»։