Երթի մասնակիցները ռուս խաղաղապահների տեղակայման վայրում են. Լենցովը նրանց կլսի՞

Այս պահին համաժողովրդական շարժման մասնակից արցախցիները օդանավակայանի մոտ են՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում: Այս մասին MediaHub-ին հայտնեց արցախցի լրագրող Աննա Մանգասարյանը, ով երթի մասնակիցների հետ միասին օդանավակայանի մոտ է:
«Սպասում ենք մարդիկ գան միանան, որովհետև բազմությունը շատ մեծ է: Նրանք կգան ու մեր խոսքը կուղղենք ռուս խաղաղապահներին»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք պահանջելու են ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպում, որպեսզի անձամբ նրան փոխանցեն իրենց պահանջները, Մանգասարյանը նշեց, որ այս պահին կազմակերպիչները այդ մասին դեռ չեն հայտարարել: Բայց մինչ ռուս խաղաղապահների տեղակայման վայր գալը, երթի մասնակիցները Արցախում ԿԽՄԿ գրասենյակի մոտ էին հավաքվել, հնչեցնում իրենց պահանջները, այդ թվում պահանջում էին հանդիպում գրասենյակի ղեկավարի հետ, սակայն նրանց հայտնեցին, որ նա տեղում չէ:
«Այստեղից հետո վերադառնալու ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: