Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Հերթական անհաջողություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ իսպանացի մարզիչ, 66-ամյա Խոակին Կապարոսն այլեւս ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ՝ Կապարոսն ու ֆեդերացիան երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ հանդիպել է Կապարոսի հետ, քննարկել հավաքականի այս տարվա ելույթները։ Մինչ ՀՖՖ-ն պնդում է, թե պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ է խզվել, Կապարոսի վերջին ասուլիսը հակառակն է ապացուցում։ Նա նշել էր, որ ինքը պայմանագիր ունի մինչեւ նոյեմբերի 30-ը, այսինքն՝ միայն դրանից հետո պարզ կլինի իր ապագան։
«Հրապարակ» թերթը գրում է․
Իշխող ՔՊ խմբակցության մեր աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում մոտ 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։ Այսինքն՝ երկու տասնյակից էլ քիչ մարդ է դեմ այն թեզին, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Նրանց ՔՊ-ում «ոչմիթիզականներ» են անվանում։ Նրանք, իհարկե, չեն հանդգնում բացահայտ իրենց կարծիքը հայտնել՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն արագ կգտնի նրանցից ազատվելու ձեւը, սակայն ներքին քննարկումներից ակնհայտ են դառնում պատգամավորների դիրքորոշումները։ Փոխարենը՝ մի կուռ խումբ կա, ով կողմ է Ռուսաստանից ու Արցախից ազատվելուն եւ Թուրքիայի հետ բարիդրացիությանը։ Սրանք ավելի ակտիվ են ու չեն թաքցնում իրենց տեսակետը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում», որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքներն այնքան են զայրացրել նրան, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, մարզպետին արձակուրդ են ուղարկել՝ 8 օր վճարվող եւ 2 օր՝ չվճարվող, մինչեւ հոկտեմբերի 7-ը։ Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում նրան ազատեն պաշտոնից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք են տվել նաեւ Ցորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների ծնողները:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննվել են զորամասի զոհված զինծառայողների 20 ծնողներ եւ կոնկրետ ցուցմունքներ տվել Ջալալ Հարությունյանի դեմ: Ծնողները մանրամասնել են, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոչ մի կերպ չմեկնաբանեց հարցը՝ կա արդյոք արգելք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնյաների ազատումները հասան «Մարտի 1»-ի գործի հետ կապ ունեցող դատախազներին:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստորագրել է հրամանը՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Վերջինս պատահական մարդ չէ համակարգում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը: