Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին, որը ներկայացնում ենք ստորև․
«Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ»։