Բաբկեն Թունյանն ու ՔՊ-ի «ֆեյքերը» «դիմակայելու» են Թուրքիայի ներխուժմանը

Մենք գիտենք, որ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, գիտենք, որ աշխարհը պրագմատիկ է: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Բաբկեն Թունյանը:
ՔՊ-ական տնտեսագետ Բաբկեն Թունյանը, ով 2018թ.-ից «տնտեսական հրաշքներ», միլիոնավոր ներդրումներ էր խոստանում ՀՀ հպարտ քաղաքացիներին, որոնք, նկատենք, այդպես էլ չեկան, այս օրերին էլ որոշել է Մաքիավելի «խաղալ»՝ գեոպոլիտիկ «վերլուծություններով» հանդես գալ: ՀՀ-ն ունի հավերժ բարեկամ՝ ՌԴ-ն է, որի զորքերն այսօր կանգնած են Արաքսի ափին և թույլ չեն տալիս թուրքական զինուժի մուտք Թունյանի սիրելի Երևան: Եթե չլինեին ռուսական զորքերը, ապա թուրքական բանակն արդեն Կասկադի սրճարաններում սուրճ էր վայելում: ՔՊ-ական «զորքերը», «ֆեյքերի բանակը» դժվար թե պատերազմի ՆԱՏՕ-ական Թուրքիայի մեկ միլիոնանոց բանակի դեմ:
Թունյանին և նրանց «ունիկալ» թիմին պետք է բացատրել, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ այլ գերտերության վրա հույս դնել կամ այդ հույսով կերակրել սեփական ազգին չի կարելի՝ դրա հետևանքն անվերջ զոհերն են սահմաններին: ՌԴ-ն ունի սեփական շահերը և՛ ՀՀ-ում, և՛ Ադրբեջանում՝ դա իրողություն է: Պետք է համադրել հայ-ռուսական շահերը, այլ ոչ թե հակադրվել ՌԴ-ին, երբ Մոսկվան այսօր «սառը պատերազմի» մեջ է Արևմուտքի հետ:
Հայոց բանակը վերազինելը պետք է լինի Թունյանի և ՔՊ-ի թիվ մեկ առաքելությունը՝ «նախկինների թալանած փողերը” Փաշինյանը պետք է ներդնի բանակի համար արդի զենքեր օր առաջ գնելու համար:
Վահրամ Բագրատյան