Աշոցքում 270 գլուխ կենդանի վարակված են բրnւցելոզով․ ի՞նչ է հայտնի

MediaHub-ը գրել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգել էր, որ Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում շուրջ 270 գլուխ կենդանի վարակված են բրուցելոզով։
MediaHub-ը կապ էր հաստատել Կրասար բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ, ով շեշտել էր, որ ոչ թե 270 գլուխ կենդանի է վարակված բրուցելոզով, այլ 257 գլուխ։ Հարցին, թե արդյո՞ք պետությունը փոխհատուցելու է այս կորուստը համայնքի բնակիչներին, վարչական ղեկավարը նշել էր. «257 գլուխ կենդանի է վարակված բրուցելոզով, սուբսիդավորման մասին չեմ կարող ասել, այդ հարցը քննարկվում է»:
Այսօր էլ MediaHub-ը կապ հաստատեց Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ, հասկանալու, թե ի՞նչ զարգացումներ կան, արդյո՞ք սուբսիդավորման հարցում հստակություն արդեն կա, և արդյո՞ք կանխվել է վարակի տարածումը, սակայն պարզվեց, որ վարչական ղեկավարը «շատ զբաղված է»։
«Ժողովի եմ, վայ խնդրում եմ, մի խանգարե՛ք, էլի»,– ահա այսպես մեր հարցին արձագանքեց նա, ով իր իսկ բնակավայրում առաջացած խնդրի առաջին իսկ օրվանից խուսափում է լրագրողների հետ շփումներից ու չի ցանկանում խոսել:
Ու քանի որ Կրասարի վարչական ղեկավարը ժամանակ չուներ պատասխանելու իր իսկ բնակավայրին առնչվող խնդրի մասով, MediaHub-ը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի հետ։ «Գյուղ այցելությունից հետո անմիջապես հեռախոսազրույց եմ ունեցել էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանի հետ և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ, ներկայացրել եմ իրավիճակը, նկարագրել եմ՝ ինչ է տիրում գյուղում, և գյուղացիների հստակ պահանջը, որ կրկին անալիզ անցկացնեն բրուցելոզը հաստատելու համար: Եվ եթե հաստատվի բրուցելոզը, առաջ կգա սպանդի երթարկվելու պրոցեսը, և արդար փոխհատուցման խնդիրը։ Փոխնախարարը հավաստիացրեց ինձ, որ ամենն ի օգուտ գյուղացիների են լուծելու, նաև ասաց, որ աշխատանքային խումբ է կազմավորվել, գնալու են գյուղ, տեղում ծանոթանալու իրավիճակին՝ գյուղացիների հետ շփվելու համար»,– ասաց Մելքոնյանը։
ԱԺ պատգամավորը նշեց, որ այսօր էլ է հեռախոսազրույց ունեցել էկոնոմիկայի փոխնախարարի հետ, ով հավաստիացրել է, որ խոսել են մթերում իրականացնող կազմակերպությունների հետ, ովքեր գնելու են միսը գյուղացիներից՝ 1100 դրամ կգ–ի համար:
«Պետության սուբսիդավորման մասին 2 օրից հստակ տեղեկություն կունենամ, քանի որ պետությունն է սուբսիդավորելու և օժանդակելու, որ միսը գնեն, որ գյուղացիները չտուժեն և կարողանան հետագայում շարունակել իրենց գործունեությունը՝ անասուններ գնեն ու կրկին զբաղվեն անասնապահությամբ։ Այսօր կրկին էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խումբ էր մեկնելու Կրասար գյուղ՝ բանակցությունները շարունակելու համար»,– հայտնեց Մելքոնյանը։
Մորթի մասով էլ ԱԺ պատգամավորը նշեց․ «Խոսքը մոտ 270 գլուխ կենդանու մասին է: Ինչ վերաբերում է կանխարգելիչ գործողություններին, այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել»։
Մարիաննա Արամյան