Ֆրանսիայի օժանդակությամբ Արավուսում բուժկետ է կառուցվել. Բաքուն մեղադրում է Փարիզին՝ ՀՀ-ին «զինելու» համար

Ադրբեջանը հայկական կողմին՝ սահմանին հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու վերաբերյալ, վերջին անգամ «մեղադրել» է մարտի 21-ին, որն, ըստ էության, Հայաստանի ՊՆ-ն հերքել է ու կեղծ որակել այդ հայտարարություններն ու դրա բովանդակությունը։
Ադրբեջանի հետ սահմանին ամենամոտ գյուղերից մեկը Սյունիքի մարզի Արավուս բնակավայրն է։ Վարչական ղեկավար Թեհմինե Մկրտչյանը MediaHub-ին ասաց, որ նախորդ օրերի պես Արավուսում հանգիստ է։
«Նույնիսկ փոքր տրամաչափի զինատեսակներով եթե կրակեն, գյուղում կլսվի։ Չգիտեմ` որտեղից են հորինում այդ կեղծ լուրերը, բայց մեր ուղղությամբ շատ հանգիստ է, մենք էլ մեր ամենօրյա գործերով։ Սահմանին ապրելը մեծ պատասխանատվություն է»,- նշեց գյուղապետը։
Ադրբեջանական կեղծ լուրերն արավուսցիներին չեն անհանգստացնում, քանի որ, ըստ Մկրտչյանի, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմը որևէ ոտնձգություն չեն կատարում։ Իսկ Արավուսն օրերս շատ հյուրեր է ընդունել. գյուղում բժշկական դիսպանսեր է բացվել։
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է, մենք էլ սահմանն ենք պահում, վստահեցնում եմ, որ այստեղ հանգիստ է։ Արավուսում Ֆրանսիայի աջակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բուժկետ է կառուցել, մինչ այդ չկար։ Գյուղում հիանալի բուժքույր ունենք, լավ մասնագետ է, հիմա արդեն նոր պայմաններում կշարունակի իր ծառայությունը»։
Ավելի վաղ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը սոցցանցի իր էջում տեղեկացրել էր.
«Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ մնալով իր համոզմունքներին»:
Դեսպանի այցը Արավուս մտահոգել է Բաքվին, բայց... «Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը»,- մեկ անգամ չէ, որ այս մասին ասել է այդ երկրի բարձրագույն ղեկավարությունը։
Իսկ Բաքուն շարունակում է մեղադրել Փարիզին՝ Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու, Հայաստանին, այսպես ասած, «զինելու» համար։
Հունան Թադևոսյան