Twitter-ը կարգելի կլիմայի փոփոխության մասին գիտական տվյալներին հակասող գովազդը

Twitter-ը կարգելի կլիմայի փոփոխության մասին գիտական տվյալներին հակասող գովազդը

Twitter-ը հայտարարել է, որ այլեւս թույլ չի տա իր կայքում այն գովազդատուներին, որոնք հերքում են կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական փոխ համաձայնությունը՝ կրկնելով Google-ում արդեն իսկ գործող քաղաքականությունը, հաղորդում է AP-ն:

«Գովազդը չպետք է շեղի կլիմայական ճգնաժամի մասին կարեւոր խոսակցություններից»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ, որտեղ նկարագրվում է նոր քաղաքականությունը:

Երկրի օրվան նվիրված հայտարարությունն արվել է մի քանի ժամ առաջ այն բանից, երբ Եվրամիությունը հավանություն է տվել օրենքին, որը պահանջում է խոշոր տեխնոլոգիական ընկերություններին մանրամասն ստուգել իրենց կայքերը ատելության, ապատեղեկատվության եւ այլ վնասակար բովանդակության համար:

Twitter-ը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ավելի շատ մանրամասներ կներկայացնի այն մասին, թե ինչպես է նախատեսում ապահովել «վստահելի, հեղինակավոր համատեքստ կլիմայի մասին խոսակցությունների համար», որին մասնակցում են իր օգտատերերը, այդ թվում՝ կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի փորձագետները:

Կլիմայի փոփոխության պատճառների եւ հետեւանքների վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից աջակցվող այս գիտական խմբի զեկույցները կլիմայի փոփոխությունը զսպելու համար միջազգային բանակցությունների հիմք են հանդիսանում: