Աղոթում եմ, որ Հայաստանի մեր հայրենակիցները երբևէ չտեսնեն Արցախում կատարվածը

Աղոթում եմ, որ Հայաստանի մեր հայրենակիցները երբևէ չտեսնեն Արցախում կատարվածը

«Հրավառության ձայներն ինձ տագնապի մատնեցին: Կարծեցի հրետակոծություն է: Մտածեցի, Տեր Աստված, մի՞թե այստեղ էլ սկսվեց: Արցախում միայն մենք մեզանով էինք, իսկ այստեղ ողջ հայությունը՝ մեծ ու փոքրով: Այստեղ Մայր Հայաստանն էր։ Սարսափն ու անզորության զգացումն ահռելի էին: Չեմ ուզում Հայաստանում ապրող իմ հայրենակիցները երբևէ զգան Արցախում կատարվածը»,- ասում է բժիշկ Հասմիկ Ղահրամանյանը։ 

Տիկին Հասմիկն ամբողջ կյանքն ապրել է Արցախի Ճարտարում, զբաղվել բժշկությամբ։ Նա սովորական բժիշկ չէր, ինչպես Արցախում շատերը։ Պարզ է, հակամարտության գոտում ապրող բժիշկը՝ նաև մարտիկ է, զինվոր։ Հասմիկ Ղահրամանյանը մասնակցել է բոլոր պատերազմներին, իր մասնագիտական ամբողջ ներուժն իրացրել, որ շատ հայի կյանք փրկվի։ 

Տեղահանությունից հետո դստեր՝ Անուշի հետ ապաստանել է Երևանում, տուն վերադառնալու հավատը չի կորցնում։ 

«Որ նոր տարվա շունչը զգամ, այս տարի մտերիմներիս տուն եմ գնալու, բայց որպես այդպիսին, Արցախի ու մեր տղերքի կորստից հետո բոլոր տոները կորցրել են իրենց գույնը։ Ինչ վերաբերում է ամանորյա կախարդանքին, չեմ կարծում, թե արցախցիներն այլ ակնկալիք ունեն, այսպես ասած, Ձմեռ պապից, քան հայրենիք վերադառնալու ցանկությունը, իսկ դա հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում։ Այնպիսի մարդ լինի երկրի ղեկին, որ սիրի հայրենիքը, ճիշտ դաշնակիցների հետ աշխատի, ժողովրդին ճիշտ արժեքներով դաստիարակի, կարողանա ուժեղ բանակ կազմակերպի ու վերացնի ազգի մեջ սերտաճած ատելությունը և ի վերջո Հայաստանը հանի այս վիճակից»,- ասում է բժշկուհին։

Համատարած այս հուսալքության մեջ Հասմիկ Ղահրամանյանը լույս է փնտրում։ Ժամանակին, որ ինքն էր կյանք տալիս մարդկանց, հիմա էլ, իր համար չափազանց այս ծանր ժամանակահատվածում ուզում է ապրել, նորից ապրեցնել։ 

«Ուզում եմ, որ 2024-ը միմյանց թև-թիկունք լինելու տարի լինի։ Իրար շատ սիրենք, ու այդ սիրով հաղթենք»։ 

«Հայաստանը մեր բոլորի տունն է, Արցախը՝ ծննդավայր»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Ոչինչ այստեղ Հասմիկի համար հետաքրքիր չէ, քան իր տունը, սարն ու ձորը, սառնորակ աղբյուրները, իր քաղաքը, հիշողությունն ու կարոտը....

Հունան Թադևոսյան