Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ»  թերթը գրում է․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին հնչեցրած իր ուղերձում հայտնեց նաեւ, որ Հանրային խորհրդի ձեւավորումից բացի մտադրություն ունի Նախագահին կից  քաղաքական խորհուրդ ձեւավորել, «որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ»: 

«Հրապարակ» թերթը գրում է․

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխարեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարաններ: Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով նախատեսվում է նաեւ լիազորությունների շրջանակների ընդլայնում դատարանների նախագահների համար: Մասնավորապես, վերջիններիս  լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետներին։ Ըստ հեղինակների՝ գործող կարգավորումները «թույլ չեն տալիս դատարանի նախագահին գործել առավել արդյունավետ, լինել օպերատիվ՝ տարբեր հարցերի լուծման պարագայում»:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Խորհրդարանական ընդդիմությունը թեպետ շարունակում է բոյկոտել ԱԺ աշխատանքները, սակայն չեն հրաժարվում գործուղումներից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի սեպտեմբերի 14-ին ստորագրած որոշումներով պատգամավորները նոր գործուղումներ են մեկնելու` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը ճանաչողական այցով Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան, որը ասորական համայնքի ներկայացուցիչն է:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները չորս տարի է հրապարակային վստահեցնում են, որ բանակում, ի տարբերություն նախկինի, մայկա-տրուսիկի խնդիր չկա եւ իրենց իշխանությունները զինվորին ապահովում են անհրաժեշտ սննդով ու հագուստով, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին էսկալացիայի օրերին ՔՊ-ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանն ու մի խումբ ՔՊ-ականներ  Ներքին Հանդի պաշտպանությունն իրականացնող զինվորներին մի քանի արկղ մայկա-տրուսիկ, լամպեր, փավր բենկեր, վրաններ են տարել։

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում արտահերթ հանդիպում ունեցավ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արտահերթ, քանի որ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ սովորաբար հանդիպում է ամեն ամսվա վերջին շաբաթ օրը, մինչդեռ վերջին զարգացումները փոխել են պլանները եւ, ի պատասխան հակառուսական տրամադրությունների աճի մասին որոշ գործիչների վերջին օրերի հայտարարություններին ու զգուշացումներին, Փաշինյանը որոշել է հավաքել իր արեւմտամետ կլիենտներին եւ հորդորել, որ էլ ավելի ուժեղացնեն հակառուսական եւ պրոարեւմտյան քարոզչական գիծը։  

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Առանց պետական նշանակության որեւէ միջոցառման ու զորահանդեսի. այսպես գլխիկոր է Հայաստանի երրորդ Հանրապետությունը բոլորում 31-ամյակը:

Երեք տասնամյակների մեջ սա թերեւս առաջին դեպքն ու տարին է, որ այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունը Հայաստանը պարզապես չի տոնում: Կառավարությունից դեռ օրեր առաջ էին հաստատել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով` հետաձգվել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Խոսքը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության մասին է, որն ասես ոչ թե անկախությունն արժեւորող միջոցառման, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի բենեֆիսի նմանվող երեկույթ լինի: «Այլ միջոցառումներ եւս նախատեսված չեն»,- ասում են գործադրից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իրավապահ համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ տարբեր աղմկահարույց քրեական գործերով՝ փաստաբանները կապ են հաստատում նախաքննական մարմինների հետ եւ հետաքրքրվում են, թե, օրինակ, իրենց պաշտպանյալի գործով երբ են պատրաստվում նախաքննության ավարտ տալ կամ գործը կարճել, եւ նմանօրինակ այլ հարցեր:

Ի պատասխան նրանց, նախաքննական մարմինների քննիչները հայտնում են, որ այս պահի դրությամբ որեւէ բան չեն կարող ասել, քանի որ Գլխավոր դատախազ է փոխվել, եւ տարբեր քրեական գործերով կարող են նոր փոփոխություններ լինել, ուստի այս պահին քրեական գործերով որեւէ հստակություն կամ որոշում չեն կարող կայացնել: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն նաեւ ազդելու է աղմկահարույց քրեական գործերի ընթացքի վրա, իսկ թե ինչ փոփոխություններ են սպասվում, կհետեւենք զարգացումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեւանի մանկապարտեզների սաների ծնողները հայտնվել են անհարմար դրության մեջ. պատճառը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի որոշումն է: Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն որոշումն է, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում սանի՝ անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում, ըստ կրթության նախարարի որոշման՝ հարգելի չի համարվում երեխայի բացական անգամ այն դեպքում, երբ երեխան հիվանդ է եղել եւ ներկայացրել է բժշկի տեղեկանք՝ այդ մասին վկայող: