Զելենսկին կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով անհապաղ փակել Ուկրաինայի երկինքը

Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով անհապաղ փակել երկինքը ռուսական հրթիռների և մարտական ինքնաթիռների համար։ Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է ուկրաինացիների սպանությանն աջակցելու մեջ։ Այս մասին գրում է РБК-Украина-ն։
«Մենք ամեն օր կրկնում ենք՝ փակեք երկինքը բոլոր ռուսական հրթիռների, ռուսական ռազմական ավիացիայի համար, ստեղծեք մարդասիրական օդային գոտի՝ առանց հրթիռների, առանց ավիառումբերի»,- ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ ուկրաինացիների և ընդհանրապես ժողովրդի անվտանգությունը քաղաքական գործիչների և արևմտյան գործընկերների պարտականությունն է։
«Եթե դուք դա չանեք, եթե մեզ գոնե ինքնաթիռներ չտաք, որ մենք պաշտպանվենք, ապա կարելի է եզրակացնել՝ դուք էլ եք ուզում, որ մեզ շատ դանդաղ սպանեն: Սա նաեւ համաշխարհային քաղաքական գործիչների, արեւմտյան առաջնորդների պատասխանատվությունն է»,- ասել է Զելենսկին: