Տավուշի հողերի մասին ինչ է ասել Փաշինյանը, Իշխանությունների թիրախում նորից արցախցիներն են. Մամուլը՝ սուրճով

Տավուշի հողերի մասին ինչ է ասել Փաշինյանը, Իշխանությունների թիրախում նորից արցախցիներն են. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Չնայած Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում երեկ մի քանի ժամ պնդեց իր դիրքորոշումը՝ Տավուշի չորս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կադաստրի աշխատակցի դեր ստանձնեց, ՀՀ քարտեզի հայտնի մակետն էր թափահարում՝ որերորդ անգամ փորձելով ներկայացնել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, քանի որ ադրբեջանական անվանում ունեն, սակայն նրա «փաստարկները» համոզիչ չէին անգամ ՔՊ-ականների համար։

Իշխանական օրենսդիրները սպասում են Փա- շինյանի հետ առաջիկա փակ հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ օրերս։ Իսկ մինչ այս ՔՊ-ականները մասնավոր զրույցներում իրենց անհամաձայնությունն են հայտնել միակողմանի զիջումների հետ կապված եւ փորձելու են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը ճշտել՝ իսկ ինչ ենք ստանալու մենք չորս բնակավայրերի դիմաց:

Դիցուք, Բերքաբե- րի մի քանի հարյուր հեկտար հայկական հողերը, որոնք 90-ականներից գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայելային սկզբունքով վերադարձվելո՞ւ են Հայաստանին, կամ Ջերմուկի, Վարդենիսի օկուպացված տարածքները։ Իշխանական թիմում կասկածներ ունեն, որ եթե Արցախն իրենք հանձնեցին ու մարսեցին, ապա դա դժվար է լինելու Հայաստանի դեպքում։

Ի դեպ, Անվտանգության խորհրդի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Տավուշի հողերը պետք է հանձնենք, բայց փոխարենը Տավուշում մի քանի հարյուր հեկտար Ադրբեջանը հետ է տալու մեզ: Փաստո- րեն, անգամ վերջին մեկ ամսվա ընթացքում է ինչ-որ բան փոխվել, եւ Ադրբեջանը հրաժարվել է իր պարտավորությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«2018 թվականի ապրիլի 15-ին Երեւանի Ֆրանսիայի հրպարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում պետք է ձեւավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը»:

Այս խոստումը ծայրից ծայր սուտ դուրս եկավ: Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց իրավիճակը եւ արձանագրում է, որ 24․03․2021թ․-ին, «Ազգային ժողովն ընդունեց օրենք հակակոռուպցիոն կոմիտեի մասին»։ Օրենքում նշված չէր, որ պետք է կոմիտեի ղեկավարի պաշտոնում թեկնածություն առաջադրի ընդդիմությունը։ Օրենքն ընդունվեց միայն ՔՊ-ականների 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

Այնուհետեւ 16․08․2021թ․ 3 թեկնածու առաջադրվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար՝ Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը եւ Դավիթ Ռուբենի Մկրտումյանը: Մոտ մեկ ամիս անց՝ 10․09․2021թ․ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը 3 թեկնածուներին էլ հայտարարեց մրցույթը հաղթահարած եւ ուղարկեց կառավարությանը։

Կառավարության՝ 16․09․2021թ․ որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Այսինքն, խոստումը, որ միայն ընդդիմությունը կարող է առաջադրել հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնում, չկատարվեց եւ Նիկոլ Փաշինյանը էլի խաբեց ՀՀ քաղաքացիներին»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Մեր տեղեկություններով, Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը` Ագրարային համալսարանի ուսխորհրդի քարտուղարը, աշխատանքի է անցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում: Սպառողներն արդեն կարող են հանգիստ լինել, քանի որ սննդամթերքի անվտանգության ոլորտն այլեւս հուսալի ձեռքերում է:

Հիշեցնենք, որ Չալաբյանի դեպքից հետո Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Թոռնիկին նախ նշանակել էր Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, ապա՝ մարքեթինգի եւ զարգացման բաժնի առաջատար մասնագետ: 

Սննդի անվտանգության տեսչությունից հաստատեցին մեր լուրը` Թոռնիկ Ալիյանն աշխատանքի է անցել Սննդի անվտանգության Երեւանի կենտրոնում` որպես փորձագետ:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների արդյունքում արցախցիների բռնի տեղահանումից հետո Նիկոլ Փաշինյանի մտավախություններից մեկը եղել է արցախցիների դժգոհության ալիքի գեներացիան, այսինքն՝ արցախցիների հնարավոր համախմբումը: Դրա համար նա ամեն ինչ արել է նման հեռանկարը վիժեցնելու, արցախցիների միջև պառակտում սերմանելու, հանրության շրջանում արցախցիների հանդեպ չարության նորանոր ալիքներ նետելու համար, ինչով, ի դեպ, զբաղված է եղել տարիներ շարունակ՝ թե՛ լրատվամիջոցի ղեկավար եղած ժամանակ, թե՛ որպես ընդդիմադիր պատգամավոր, թե՛, առավել ևս, որպես վարչապետ:

Երեկ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք էր հրավիրել, որն ավելի էր անհանգստացրել Նիկոլ Փաշինյանին ու իր մերձակա շրջապատին: Դեռ մինչ հանրահավաքը, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն ամենաբարձր մակարդակով իրենց սատելիտներին հանձնարարել են արցախցիների դեմ հերթական արշավն իրականացնել։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, փորձ է արվում իշխանական հարթակներով այնպիսի պատկեր ստեղծել, թե Հայաստանի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հիմնական մեղավորը արցախցիներն են ու Արցախի հարցը։

Ի դեպ, հակաարցախյան այս արշավի «տիրույթում» է նաև իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից վերջին շրջանում տիրաժավորվող այն թեզը, թե ընդդիմությունը պատրաստվում է Արցախից բռնագաղթած հայության գործոնն օգտագործել տարբեր միջոցառումներ ու ակցիաներ իրականացնելիս։