Ռուստամ Բադասյանը Վրաստանի դեսպանի հետ հայ-վրացական հարաբերություններն է քննարկել

Ռուստամ Բադասյանը Վրաստանի դեսպանի հետ հայ-վրացական հարաբերություններն է քննարկել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին, տեղեկացնում են ՊԵԿ-ից։

«ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և կնպաստի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանդիպմանը կարևորվել են տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների միջև և հարկային ու մաքսային ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-վրացական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցությունն ընդլայնելու և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 

Վրաստանի նորանշանակ դեսպանը հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի ամրապնդման»,- նշված է հաղորդագրությունում: