Ալեն Սիմոնյանը վրդովեցրել է Ադրբեջանի Միլլի մեջլիսին

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ սոցիալական ցանցերում տարածված Լաչինի ճանապարհին սահմանակետ ստեղծելու մասին հայտարարություններն անընդունելի են։ Այս մասին հայտարարել են Ադրբեջանի Միլլի մեջլիսում՝ նշելով, թե «սա Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձն է եւ չի նպաստում տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը»։
Ուշագրավն այն է, որ երբ Բաքուն փորձում է քողարկել իր հերթական ապօրինությունը, սադրանը կամ ագրեսիան, նա հիշատակում է “տարածաշրջանի խաղաղությունն ու բարգավաճումը”: Եվ այս դժգոհությունը հենց այդ շարքից է:
Ինչպես ավելի վաղ MediaHub-ը գրել էր, ՀՀ ԱԺ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, նշելով, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է, քանի որ կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Ալեն Սիմոնյանը նաև հորդորել էր ՄԱԿ-ի անդամ երկրներին, ովքեր ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում:
Այս հանգամանքը ևս դուր չի եկել Բաքվին. Միլլի մեջլիսից հայտարարել են, թե ՀՀ պաշտոնյաներն ու Ազգային ժողովի նախագահն «իրենց հայտարարություններում պետք է ձեռնպահ մնան միջազգային հանրությանը Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավում որպես գործիք օգտագործելուց, այդ թվում՝ Միջազգային դատարանի հայտնի որոշումը խեղաթյուրելուց»: