ՊՆ-ն խոսքով չարձագանքելու հրահա՞նգ էլ ունի․ ադրբեջանական սադրանքներն ու ՊՆ-ի խեղճությունը 

ՊՆ-ն խոսքով չարձագանքելու հրահա՞նգ էլ ունի․ ադրբեջանական սադրանքներն ու ՊՆ-ի խեղճությունը 

Երեկ երեկոյան կողմ լրատվական տարբեր միջոցներ ու տելեգրամյան ալիքներ տեղեկություններ տարածեցին, թե Սյունիքի հատվածում ադրբեջանական կողմը կրակում է սահմանի երկայնքով։

Կրակոցները պարզ լսվում էին հատկապես սահմանամերձ որոշ գյուղերում, ինչը անհանգստություն և խուճապ էր առաջացրել բնակիչների շրջանում։ Հատկապես Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածվող կեղծ տեղեկությունների ֆոնին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ, իրենց կողմից այս կրակոցները առավել քան մտահոգիչ են, քանզի ակնհայտ է, որ Ադրբեջանն այսպիսով հող է նախապատրաստում հարձակման համար։ 

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ ՊՆ-ից վիզը ծուռ ու խեղճացած հայտարարություններ են տարածում Ադրբեջանի կեղծ տեղեկություններին ի պատասխան, թե «մենք ձեզ վրա չենք կրակել, մենք ո՞նց կարող ենք կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», դրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն էլ, խաղաղության համաձայնագիրը վերցրած, էլի վիզը ծուռ ու խնդրողի դիրքերից ադրբեջանական կողմին աղաչում-պաղատում է, որ ստորագրեն էդ թղթի կտորը, որը, իբրև թե, պետք է հարատև խաղաղություն բերի մեր երկրին։ 

Հայկական կողմի այս թուլությունն ու խեղճացած վիճակը տեսնելով՝ Ադրբեջանն էլ ավելի է լկտիանում։ Երեկվա կրակոցները այդ մասին են վկայում, որ նրանք պարզապես ուզում են խաղալ մեր նյարդերի վրա ու մեր վախը բռնել։ Ու փոխանակ ՊՆ-ն վերջապես գոնե մի անգամ հստակ ու կոշտ արձագանքի այս ամենին, հաղորդագրություն է տարածում, որում ասվում է, թե դրանք անկանոն կրակոցներ են և չեն թիրախավորում մեր դիրքերն ու բնակավայրերը․
«Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»։ 

Այսինքն՝ այն, որ թշնամին սադրանքներ է հրահրում՝ հայ զինվորին ու տարածքի բնակիչներին պահելով խուճապի մեջ կամ խաթարելով նրանց անդորրը, դա ՊՆ-ի համար խնդիր չէ կամ նորմալ է, այն էլ այս լարված իրավիճակում։ Պետք է անպայման կրակեն, մարդ սպանեն, նոր ՊՆ-ն որոշի դրան մի կես բերան արձագանքել ու ասել՝ «հորդորում ենք ադրբեջանական կողմին չկրակել ու չսպանել մեզ»։

Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը չկրակելու հրամանից բացի նաև չարձագանքելու հրաման է տվել, դրա համար էլ ՀՀ զինված ուժերը դարձել են այսպես վախվորած ու անատամ կառույց, ինչից էլ օգտվում է թշնամական կողմը կամ, իրենց խոսքերով ասած, հակառակորդը։ 

MediaHub-ը դիմեց ՊՆ լրատվալան ծառայությանը՝ ճշտելու, թե գիշերվա «ոչ թիրախային» կրակոցների վերաբերյալ ի՞նչ նոր բան կարող են ասել, շարունակվե՞լ են, արդյոք, ինչին ի պատասխան՝ ՊՆ-ից ասացին․ «Խնդրում ենք հիմք ընդունել մարտի 21-ին և 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։ Հրադադարի ինտենսիվ, էական և թիրախային խախտման պարագայում ՊՆ-ն հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։ 

Մարտի 21-ին ևս նույնաբովանդակ մի բան էին տարածել․ «Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո»։ 

Ի դեպ, Սոթքում հնչած կրակոցների մասին այդպես էլ ՊՆ-ից ու անձամբ նախարար Սուրեն Պապիկյանից որևէ հստակ պատասխան չեղավ՝ կրակոցներ եղե՞լ են, ի վերջո, թե՞ ոչ։ Պապիկյանը լրագրողների հարցն անպատասխան թողեց։ 

Վահե Մակարյան