Լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ, առաջնորդվել մի´ վնասիր սկզբունքով․ ՀՀ ՄԻՊ

Լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ, առաջնորդվել մի´ վնասիր սկզբունքով․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է մարդկանց հետ անհատական աշխատանք: Նման հանդիպումներն օգնում են ավելի լավ զգալ ու հասկանալ տարբեր սոցիալական խմբերում առկա խնդիրներն ու դրանց առաջացման պատճառները. դրական արդյունքի հասնելու բանաձևերից մեկն էլ հենց սա է։ Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ փորձաշրջան անցնող ուսանող-լրագրողների հետ հանդիպմանը:

Պաշտպանն ապագա լրագրողներին է ներկայացրել կառույցի հիմնական առաքելությունը, գործունեության ոլորտները, իր լիազորությունների շրջանակը:

Նա ուսանողներին տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը անկախ, ապաքաղաքական պաշտոնատար անձ է, ով զբաղվում է պետության կողմից անհատների խախտված իրավունքների պաշտպանությամբ և վերականգնմամբ։ Օմբուդսմանական հաստատությունները նաև հնարավորություն են պետության համար կողքից նայելու սեփական խնդիրներին, և գտնելու շուտափույթ լուծումներ։ Սա է այս հաստատությունների դերն ամբողջ աշխարհում:

Հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձևաչափով: Ուսանողներին հետաքրքիր էին մեր երկրում ներառական միջավայր ստեղծելու հնարավորությունները, Պաշտպանի գործունեության թափանցիկությունը, մարդու իրավունքներին առնչվող խնդիրները ԶԼՄ-ներում տեղեկատվությունը ճիշտ ներկայացնելու առանձնահատկությունները և ոլորտային մի շարք այլ հարցեր:

Հանդիպման ավարտին, Պաշտպանը հորդորել է ապագա լրագրողներին իրենց աշխատանքում լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ, առաջնորդվել մի´ վնասիր սկզբունքով և մշտապես պահպանել պատասխանատու լրագրության կանոնները: