Ադրբեջանցիները խոչընդոտել են նոր պատնեշների տեղադրումը Կիրանցի ճանապարհին, պատճառաբանելով, թե դա իրենց տարածքում է

Ադրբեջանցիները խոչընդոտել են նոր պատնեշների տեղադրումը Կիրանցի ճանապարհին, պատճառաբանելով, թե դա իրենց տարածքում է

Կիրանցում հայ-ադրբեջանական սահմանները հատող դպրոցամերձ տարածքում կառուցված սահմանային պատից բացի՝ ճանապարհի երկայնքով թիթեղյա պատնեշ է տեղադրվել։ Տավուշցի Կարեն Ղազարյանը նկարել է «անվտանգային նոր համակարգը» և գրել՝ «Ժեշտից անվտանգությունը» Նիկոլի սարքած ճանապարհին»։

«Կիրանցով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհը՝ հանցագործ խունտայի կողմից թշնամուն հանձնելուց հետո նոր ճանապարհ են սարքում, այն անցնում է թշնամու հետ անմիջական շփումով, որն, ի դեպ, արդեն իսկ կոնֆլիկտի պատճառ է դարձել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև»,-սոցիալական հարթակում գրել էր նա։

MediaHub-ը կապ հաստատեց Կարենի հետ, վերջինս ասաց, որ ականատեսները պատմել են, որ ադրբեջանցի սահմանապահները խոչընդոտել են թիթեղյա ցանկապատի տեղադրումը։

«Խոսակցություններ կան, որ նրանք ասել են, այդ տարածքը մերն է և ոչ մի իրավունք ու թույլտվություն չունեք այդտեղ պատնեշ տեղադրելու։ Այդպես խոսակցությունների տեղիք են տվել, կոնֆլիկտ է սկսվել»,-նշեց Կարեն Ղազարյանը։ 
Նոր ճանապարհն անցնում է ադրբեջանցի սահմանապահների անմիջական շփումով։ Մեր զրուցակիցը չբացառեց, որ հետագայում նոր կոնֆլիկտներ կարող են ստեղծվել։

Հունան Թադևոսյան