Ոստիկանության 1-02 հեռախոսահամարը նորմալ չի աշխատում․ սպասում են բարեփոխվելուն

Ներքին գործերի նախարարությունում ստորաբաժանումներ կան, որ հակառակ ՆԳՆ-ում նկատվող տենդենցների, շարունակում են լավ աշխատել, պատշաճ կատարել իրենց գործառույթները, ստորաբաժանումներ էլ կան՝ մինչ օրս բարձիթողի և անկարգ վիճակ են։ Այդ լավ աշխատող կառույցներից մեկը Փրկարար ծառայությունն է, իսկ վատ աշխատողը՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է մնալ ոստիկանությունը։
Ի դեպ, այսօր փրկարարի օրն է, ինչի կապակցությամբ արժե նրանց շնորհավորել, իսկ ոստիկանության մասով դրական խոսքեր ասելու համար խիստ վերապահումներ կան դեռ։
Ոստիկանությունը, որ կոչված է քաղաքացուն օգնելու, քաղաքացու խնդիրները լուծելու, ոչ մի կերպ չի բարեփոխվում և չի վերածվում իսկապես մարդակենտրոն կառույցի։ Ոստիկանության 1-02 հեռախոսահամարը, որ երևի թե ամենահայտնի կարճ հեռախոսահամարն է, որ բոլորը գիտեն, և նեղն ընկած դեպքում առաջինը հենց 1-02 են զանգահարում, կարելի է ասել՝ գրեթե չի գործում կամ չեղածի հաշիվ է, որովհետև զանգում ես՝ պատասխանող չկա։ Հատկապես Ներքին գործերի նախարարության կազմում ընդգրկվելուց հետո ոստիկանության այս հեռախոսահամարը գնալով ավելի անհասանելի է դառնում ոստիկանության կարիքն ունեցող քաղաքացիների համար։
Երեկ, օրինակ, մի քաղաքացի զանգահարել է 1-02 մի հարցով՝ հույսով, որ ոստիկանությունից կօգնեն իրեն, բայց տևական ժամանակ չի կարողացել կապ հաստատել, քանի որ զանգերին պատասխանող չի եղել։ Մոտ 20 րոպե անց միայն ոստիկանությունից հետ են զանգել տվյալ քաղաքացուն և հարցրել, թե՝ «զանգե՞լ էիք այս համարով»։ Փոխարենը տվյալ քաղաքացին կարողացել է ոստիկանության անգործության մասին օպերատիվ կերպով ահազանգել MediaHub-ի խմբագրություն և հայտնել իր դժգոհությունը ոստիկանության աշխատանքից։ Բարեբախտաբար, մեզ զանգահարած քաղաքացու մոտ լուրջ խնդիր չի եղել, և որոշ ժամանակ անց կարողացել է իր ուժերով լուծել իր խնդիրը, քանի որ ոստիկանությունից հույսը կտրած է եղել։ Բայց պատկերացրեք, մեկի տանը գող է մտնում, տանտիրոջը հաջողվում է մի կերպ բռնել գողին, հետո հեռախոսը վերցնում զանգում է 1-02, որ գան գողին տանեն, ու «ժամերով» սպասում է, որ ոստիկանությունից որևէ մեկը բարեհաճի հեռախոսազանգին պատասխանի։ Հետո 15 րոպե անց հետ են զանգում, բայց արդեն ուշ է լինում՝ գողը, օրինակ, կարողանում է ազատվել տանտիրոջ ձեռքից ու կամ փախչել, կամ ավելի վատ՝ հարձակվել տանտիրոջ վրա ու վնաս պատճառել նրան։
Հետևաբար, ո՞ւմ է պետք այդ ոստիկանությունը, եթե անհրաժեշտ պահի չի կարողանալու օգնության հասնել իրեն զանգահարած քաղաքացուն։ Էլ չենք ասում՝ օգնության հասնելու դեպքում էլ կարող է իրենց դիմած քաղաքացին ավելի մեծ խնդիրների և քաշքշուկի մեջ ընկնի, քան այն գողը կամ ավազակը, որ հարձակվել է քաղաքացու տան վրա։
ՆԳՆ-ից MediaHub-ի հետ զրույցում ընդունեցին, որ կա այդպիսի խնդիր, ու պատճառաբանեցին զանգերի ծանրաբեռնվածությամբ։ «Ծանրաբեռնված ժամեր լինում են, և հնարավոր է, որ այդ պահին չեն պատասխանում, սակայն րոպեների ընթացքում հետզանգ անպայման կատարում են»,- ասացին ՆԳՆ-ից։
Նաև նշեցին, որ այս պահին Ներքին գործերի նախարարությունում զանգերի միասնական կենտրոն է ստեղծվում՝ արդեն նոր մասնաշենքում, նոր տեխնիկական հագեցվածությամբ և համալրմամբ։
Այսինքն՝ էլի պետք է սպասենք, թե երբ է ոստիկանությունը վերջապես բարեփոխվելու։ Մինչդեռ, նույն Փրկարար ծառայության 911 զանգերի կենտրոնը ստեղծման օրվանից ի վեր՝ շատ լավ է աշխատում, անխափան է, միշտ հասանելի՝ ամեն դեպքում երբևէ ահազանգ չենք ստացել հակառակի մասին, և քաղաքացիները խնդիրներ չեն ունենում այս ծառայությանը դիմելիս։ Իսկ ոստիկանությունում ինչ հիշում ենք՝ դեռ բարեփոխվում են, և իրենց բոլոր խնդիրները պայմանավորում են այդ երևակայական բերոփոխումներով, որի արդյունքը այդպես էլ չենք տեսնում։
Վահե Մակարյան