«Օզեմպիկ»-ի արկածները Հայաստանում. առանց լիցենզիա ու ազատ վաճառք

Վերջին ամիսներին «Օզեմպիկ» դեղամիջոցի շուրջ ամբողջ աշխարհում մեծ ֆուրոր է: Բանն այն է, որ այդ դեղամիջոցը ցուցված է շաքարային դիաբետով հիվանդների համար, սակայն, մեծամասամբ մարդիկ այն օգտագործում են արագ նիհարելու համար։
Հոլիվուդյան դերասաններից սկսած, ամբողջ աշխարհում հայտնիներն օգտագործում են «Օզեմպիկ» դեղամիջոցը նիհարելու, գեղեցկանալու համար, ու թեև մասնագետները զգուշացնում են, որ դա կարող է մահացու լինել առողջ դիաբետով չտառապող մարդու համար՝ սոցցանցերում դրա քարոզն է ակտիվ արվում։ Այսօր էլ լուր ստացանք՝ Մեծ Բրիտանյայում 80-ից ավելի մահվան դեպք է գրանցվել «Օզեմպիկ» դեղամիջոցն օգտագործելու հետևանքով, և սա արդեն շատ լուրջ ցուցանիշ է:
Այս «փիառված» դեղը ոչ միայն վտանգավոր է, լուրջ վնասներ կարող է հասցնել առողջությանը, այլ նաև մահվան կարող է հասցնել մարդուն։ Նշվում է, որ դեղը ներարկելուց մարդը կորցնում է ախորժակը և դրա հետ նաև ավելորդ կիլոգրամները։ «Օզեմպիկով» նիհարելը քարոզողները նշում են, որ «բուժումը» տևում է մոտ 6 ամիս, մոռանալով զգուշացնել, որ հաճախ կիլոգրամները հետ են գալիս, երբ պացիենտը դադարում է ներարկվել։
Ի՞նչ իրավիճակ է ՀՀ–ում, արդյո՞ք «Օզեմպիկ» դեղամիջոցը լիցենզավորված է հանրապետությունում և արդյո՞ք նույնքան լայնորեն օգտագործվում է: Նախ, MediaHub-ն ուսումնասիրեց համացանցը և պարզեց, որ «Օզեմպիկ» դեղամիջոցն ազատ վաճառվում է ՀՀ–ում՝ տարբեր կայքերում այն կարելի է ձեռք բերել՝ մեկ ներարկումը 100.000 դրամից սկսած։
MediaHub-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ, հասկանալու՝ արդյո՞ք լիցենզավորված դեղորայք է մեզ հետաքրքրողը, թե՞ ոչ, կա՞ վերահսկում այն երկրում օգտագործելու մասով, ունե՞նք մահվան դեպքեր:
Նախարարությունից տեղեկացրեցին՝ «Օզեմպիկը» գրանցված դեղ չէ: Սա նշանակում է, որ այն երկիր է բերվում մաքսային հսկողությունը շրջանցելով:
«Քանի որ «Օզեմպիկ» դեղորայքը ՀՀ–ում գրանցված դեղ չէ, հետևաբար պարզաբանումներն Առողջապահության նախարարության մասով չեն, և մենք չենք կարող պատասխանել՝ մահվան դեպքեր արձանագրվե՞լ են, թե՞ ոչ», - նշեցին գերատեսչությունից:
Ու քանի որ համացանցում մեր կողմից նշված աղմկահարույց դեղամիջոցը հանգիստ կարելի է ձեռք բերել, հետևապես մեր հարցը՝ վերհսկո՞ւմ է նախարարությունը, թե՞ ոչ, ավելի շատ հռետորական է:
Այստեղ մնում է միայն հորդորել նախարարությանը, որը փայլուն պատկերացում ունի, որ պարտադիր չէ դեղորայքը լինի գրանցված երկրում, որպեսզի այն շրջանառվի, որ զգուշացնեն հանրությանը «Օզեմպիկի» կիրառման ռիսկերի մասին, նշեն, որ այն կարող է հանգեցնել մահվան: Հատկապես, երբ մահվան դեպքեր արդեն արձանագրվում են աշխարհում:
Մարիաննա Արամյան