Հերթական շոուն

Հերթական շոուն

Մարտի 1-ի գործով դատախազը երեկ Ռոբերտ  Քոչարյանին ու մյուսներին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացրեց՝ պաշտոնյայի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։

Միամիտ մարդկանց կարող է թվալ, թե Մարտի 1-ի գործը բացահայտելու հեռանկար է բացվում, իրականում գործ ունենք Նիկոլ Փաշինյանի անզուսպ, գռեհիկ PR-ի հետ:

Մարտի 1-ի բացահայտման գործը Փաշինյանը կարող էր գլուխ բերել հեղափոխությունից անմիջապես հետո: Սակայն նա գործը բացահայտելու փոխարեն՝ գնաց դրա միջոցով Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիր հայտը լեգիտիմացնելու ճանապարհով:

Քոչարյանի նկատմամբ հասարակության ֆոբիաները շահագործելով՝ Փաշինյանը 2021-ին վերարտադրեց իր իշխանությունը:

Այստեղ հարկ է արձանագրել, որ Մարտի 1-ի առաջին գործով Քոչարյանն ու մյուսներն արդարացվել են ոչ թե առաջին ատյանի դատարանի, այլ Փաշինյանի կողմից «ծյունինգ» արված ՍԴ կողմից:

Մարտի 1-ի գործը Փաշինյանին պետք եղավ հիմա, դարձյալ՝ ներքաղաքական նպատակներով:

Դարձյալ մոտենում են ընտրությունները և Փաշինյանը մտադիր է խաղարկել Քոչարյանի գործոնը:
Այս կեղծ դատավարությունը հենց դրա համար է պետք Փաշինյանին, որովհետև առաջադրված նոր մեղադրանքն ընկնում է վաղեմության ժամկետի տակ:

Մնում է այս թատրոնը ձգել մինչև 2026թ-ը:

Սուրեն Սուրենյանց