Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Սուրբ Հովհաննես մատուռ (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Սուրբ Հովհաննես մատուռ (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի տասերորդ տեսարժան վայրը՝ Սուրբ Հովհաննես Մատուռը։

Ղալթախչու (Սուրբ Հովհաննես), Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։ Գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր։ Լինում են նաև սաստիկ քամիներ։

Ղալթախչին՝ այժմ Հարթագյուղ, ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։

Անցյալ դարերի ընթացքում Ալեքսանդրապոլի գավառում շատ տարածված էր մասնագիտությունների, արհեստի և զբաղմունքի նաև թուրքերեն անվանումները և արևմտահայ բարբառներում ինտենսիվ գործածումը։ Թամբի փայտե կմախքը պատրաստողը կոչվել է ղալթախչի։

Վերոնշյալ գյուղը հիմնադրված բնակեցված է՝ Ռշտունիքից, Մուշից, Բասենից, Էրզրումից, Ալաշկերտից, Վանից, Կարսից եկած արևմտահայերով։ Սակայն բնակավայրը ունի հազարամյակների պատմություն՝ սկսած Ք.ա 4-րդ հազարամյակից։

Հարթագյուղը ծովի մակերևույթից ունի 1730 մ բարձրություն։ Ուխտավայրը «Ղալթախչու սուրբ» է կոչվել գյուղի հին անունով։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղից կամ Մեծ Պարնի գյուղից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։

Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը (Վենետիկի Ս. Ղազար կղզի)։

Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անդրադարձել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը իր «Հայտնի մարդկանց հետ» գրքում։ Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։

2005 թվականից մատուռի տարածքում սկսել են խաչքարեր տեղադրել։ Չնայած, որ խաչքարեր եղել են նաև մինչև առաջին պայթեցումը՝ 1930-ականներ։ Ըստ ականատեսների ներքևում կարելի էր տեսնել բազմաթիվ բեկորներ։ Այժմ այնտեղ հարյուրավոր խաչքարեր կան տեղադրված[3]։ Ներսում խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված։

2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:

Հասնում ես սարի լանջին, հիշում նվիրական նպատակներիդ մասին ու առաջ ես շարժվում: Առաջին մի քանի հարյուր մետրը լուռ բարձրանում ես՝ մտքումդ խոսելով Աստծո հետ: Քիչ-քիչ շնչառությունդ արագանում է, քայլերդ՝ դանդաղում: Մոտակա հարմար քարին հասնելով՝ ուզում ես մի քանի րոպե շունչ քաշել:

Ճանապարհը դժվար է, բայց հեշտ է գտնելը, չես մոլորվի, քանի որ ճանապարհին մենակ չես: Մատուռ տանող ճանապարհը գրեթե միշտ մարդաշատ է լինում: Մարդիկ գալիս են մենակ, խմբերով, հիվանդ ու օգնության կարիք ունեցող հարազատների հետ:

Ճանապարհին հանդիպող մարդկանց առաջին հարցը մեկն է՝ «Շատ կա՞ դեռ, որ հասնենք»:

«Այո՛, հասնում եք այն բարձր կետին, դրանից հետո էլի 1.5 կիլոմետր վերև եք բարձրանում ու կհասնեք»:
Հոգնած ու արևից արդեն կարմրած դեմքով շնորհակալություն են հայտնում, նպատակների իրականացում մաղթում միմյանց ու առաջ շարժվում:

Ճանապարհի կեսերին միայն մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում՝ շունչ առնելու համար: Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ «երազանքի» ծառ են սարքել՝ ծառից կախելով գուլպաներ, ներքնաշոր, նույնիսկ գոտի:

Սրբատեղին հասնելու համար պահանջվում է 1-1.5 ժամ:

Երբ արդեն ճանապարհի կեսն անցնում ես, հեռվից երևում են խաչքարերը: Հավաքում ես վերջին ուժերդ ու վերջին դժվարությունն էլ հաղթահարելով՝ հասնում լեռան գագաթ:

Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ, պաշտպանված ու խրոխտ կանգնած է սպիտակ սրբատեղին:

Մինչ ներս մտնելն անթիվ, անհամար խաչքարերն աչք են ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել՝ սկսած 2005թ-ից: Մատուռի տարածքում 200-ից ավելի խաչքար կա տեղադրված: Վերջինը տեղադրում էին մեր այցելության օրը՝ օգոստոսի 15-ին:
Մատուռի դռան դիմաց վաճառասեղաններ են դրված՝ մոմ ու այլ հուշանվերներ են վաճառում (հաջորդիվ կանդրադառնամ նաև մատուռի տարածքում ծավալվող բիզնեսին):

Մատուռի ներսում մոմ վառելու համար նախատեսված 5 փոքր սեղանիկներ են տեղադրված: Բազմաթիվ վառված մոմերի արանքում՝ հալված մոմերի վրա, հազիվ կարողանում ես տեղ գտնել մոմ տեղադրելու համար: Ներսում խաչքարերի չափ, կամ գուցե ավելի, խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:

Հավատացյալները ներսում վառում են մոմերը, աղոթում ու վերջում էլ 3 կամ 7 անգամ պտտվում մատուռի շուրջբոլորը:

Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել: «Դեպի Աստված տանող ճանապարհը բարդ է, բայց երբ հավատքիդ օգնությամբ հաղթահարում ես, սուրբն ինքն է քեզ ճանապարհում»,- մեկնաբանում են հավատացյալները: