Փաշինյանը ստացել է հստակ պատասխաններ. Պավել Չեպլակ

Փաշինյանը ստացել է հստակ պատասխաններ. Պավել Չեպլակ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի այցի կարեւորագույն նպատակն էր հասկանալ ԼՂ հակամարտության եւ անվտանգության հարցերի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված՝ լսելու Ռաուի առաջարկները, եւ Փաշինյանը ստացել է հստակ պատասխաններ։

Դեսպանի խոսքով՝ Լեհաստանի արտգործնախարարը փոխանցել է կարծիքներ ու առաջարկներ, որոնք առաջիկա մի քանի օրվա ընթացքում կքննարկվեն Հայաստանի կառավարության կողմից։ «Ես չեմ կարող անդրադառնալ բոլոր այն հարցերին, որոնք քննարկվել են Զբիգնեւ Ռաուի եւ Հայաստանի իշխանության հանդիպման ժամանակ»,- ասաց Չեպլակը։

Դեսպանը հիշեցրեց, որ Զբիգնեւ Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ն այցելել է Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան, ինչը վկայում է այն մասին, որ Լեհաստանը կարեւորության է տալիս Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությանը։ «Առանձնահատուկ էր հանդիպումը Ղարաբաղի օմբուդսմեն Ստեփան Գեւորգյանի հետ։ Զբիգնեւ Ռաուի այցը մենք հաջողված ենք համարում»,- ընդգծեց նա։

Չեպլակը բացատրեց, որ Երեւանում եւ Բաքվում հանդիպումները փակ են եղել, եւ առայժմ հնարավոր չէ անդրադառնալ բոլոր հարցերին։

«Ըստ պայմանավորվածության՝ առաջինը հայտարարությամբ հանդես կգա Վիեննայից ժամանած մամուլի քարտուղարը։ Հույս ունենք, որ հայտարարությունը դրական բնույթ կկրի»,- եզրափակեց դեսպանը։