2,4 միլիոն վիետնամացիների տեղադրած տեսանյութերը հեռացվել են TikTok-ից

TikTok-ը հեռացրել է 2,4 միլիոն վիետնամացի օգտատերերի կողմից սոցցանցում տեղադրված տեսանյութերը՝ հայտարարելով, որ դրանք հակասում են իր հայտարարած նորմերին, հայտնում է վիետնամական «Զան չի» պարբերականը։
Գրաքննության են ենթարկվել տեսանյութերը, որոնցում, ըստ TikTok-ի, հայտարարված ստանդարտներին չհամապատասխանող դրսևորումներ կան՝ ատելության խոսք, բռնության ու ծայրահեղականության կոչեր, սեռական բնույթի տեսարաններ, անօրինական գործողությունների ցուցադրում, դաժանություն, ահաբեկում, ծաղրանք, ինքնասպանություններ։
TikTok-ի հայտնած տվյալներով՝ արգելված բովանդակությամբ տեսանյութերի 92,5 տոկոսը հայտնաբերվել է սկանավորման տեխնոլոգիայի միջոցով։ Մոտ 88,7 տոկոսը սոցցանցից հեռացվել է մինչ ինտերնետ-լսարանին հասանելի դառնալը։