Քաղաքական լուծումների ժամանակը 

Քաղաքական լուծումների ժամանակը 

«Մեր պայքարի էությունը որքան էլ քաղաքական բաղադրիչներ ունենա, ինձ համար՝ որպես հայ հոգևորականի, կա և մնալու է չարիքը, սատանան, որն այդ տեսքով նստած է կառավարության շենքում, և սա հոգևոր պատերազմ է, տրամադրությունների, հույսի և հուսալքության պատերազմ է, կամքի ու կամազրկելու պատերազմ է, մտքերի պատերազմ է, մտքերի խուժման, հարձակման պատերազմ է, որպեսզի թույլ չտան մեր միտքը բացվի ու ընթանանք դեպի նպատակը։ Ես հանձն եմ առել այդ պատերազմը, և այդ ճանապարhը հեշտ չէ»,- երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հավաքի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը:

Սրբազանի ելույթը բարոյական հարթության վրա միանգամայն հասկանալի է, բայց այն չի բացահայտում պայքարի քաղաքական բովանդակությունը, օրակարգը, բաղադրիչները:

Ցանկացած պայքարի, գործընթացի ժամանակ միստիկ բաղադրիչը, պատկերավոր համեմատություններն անխուսափելի են, բայց ժողովուրդը, ի վերջո, ուզում է հասկանալ՝ պայքարի ի՞նչ ճանապարհ է ընտրվել, որո՞նք են գործիքները, ինչպե՞ս, ինստիտուցիոնալ ի՞նչ գործիքներով հասնել հաջողության:

Արդյո՞ք Սրբազանը շեշտը դարձյալ դրել է փողոցային պայքարի վրա, թե՞ մտադիր է փոփոխությունների հասնել էլեկտորալ եղանակով՝ ընտրությունների ճանապարհով: Այս հարցի պատասխանը, կամ դրան զուգահեռ հրատապ է այլ հարց՝ քաղաքական կառույցի ի՞նչ պատկերացում ունի Սրբազանը՝ քաղաքական դաշի՞նք, թե՞ քաղաքական նոր ուժ, որն առաջնորդող պետք է լինի ընդդիմադիր դաշտում:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները տակավին չունենք:

Վահրամ Բագրատյան