Վարդան Ղուկասյանին ձերբակալել են

Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Այդ մասին հրապարակում էր արվել Գյումրու նախկին քաղաքապետ և ներկայիս քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից MediaHub-ին հայտնեցին, որ քիչ առաջ երկու քաղաքացու ձերբակալել են՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով։
«Նրանց տեղափոխել են մարզային վարչություն»,- նշեցին ՆԳՆ-ից։
Ղուկասյանի գրասենյակից էլ հայտնում են՝ սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը:
«Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,- ասված է Ղուկասյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Նարե Գնունի