Դու մի օր այդ պայմաններում կապրե՞ս. զոհվածի հայրը՝ Ալեն Սիմոնյանին

Եռաբլուրը բոլորիս համար սրբություն է, առավել ևս՝ որդեկորույս ծնողների, և ինքնանպատակ չէր մեկ օրով չթողնելը, որ իշխանությունները գան և փորձեն պղծեն։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Մենք այն մտքին ենք, որ նա քանդում է բանակը, ով դավաճանեց մեր տղաներին ու տարավ սպանդի և այդ սպանդը շարունակվում է,  ինչի վկայությունն է Ազատ գյուղի վերջին դեպքը, երբ տղաներին ողջ-ողջ այրեցին»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։

Նա անդրադարձ կատարեց այն փաստին, որ անընդհատ հայտարարվում է, որ  ոստիկանական համակարգ է ստեղծվում, նոր պարեկների խմբեր են ստեղծում, բայց նույն ոգևորությամբ չի խոսվում բանակի մասին։

«Ինֆորմացիա ունենք, որ շատ զինվորականներ ցանկություն են հայտնում  դուրս գան բանակից, մտնեն պարեկային ծառայություն, որովհետև այնտեղ իրենց ավելի հարգալից են վերաբերվում, աշխատավարձն ավելի բարձր է»,-ասաց զոհվածի հայրը, հավելելով, որ այժմ բանակը հետևողականորեն և նպատակային  քանդում են։ 

Անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ով ասում էր, որ Ազատ գյուղի զինվորական կացարանը լավ պայմաններ ունի:

«Դու մի օր այդ պայմաններում կապրե՞ս, բայց եթե ինքն ասում է լավ պայմաններ են, միգուցե իր տեսակետից ճիշտ է ասում, որովհետև գոնե ծածկ ունեին, մեր շատ զինվորներ այսօր վրանների տակ են քնում, շատերը վրաններ էլ չունեն: Եթե ինքը համեմատում է վրաններն այդ խրճիթի հետ՝ բավականին լավ պայմաններ են»,-ասաց զոհված զինծառայողի հայրը, ավելացնելով, որ եթե բանակը մոտ 40 %-ով իր ծախսային մասը չի կատարել, բայց գումար կա, ապա ինչի՞ համար են պահում այդ գումարները, եթե նույն դիրքերը կահավորված չեն, ծածկ չունեն, զենք չեն կարողանում գնել։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով Եռաբլուրից հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։