Փաշինյանի բարդ երկընտրանքը․ օղակը սեղմվում է

Երևանը պատասխանել է Բաքվից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա:
Իհարկե, Հայաստանի ԱԳՆ-ն այդպես էլ լույս չի սփռում երկու կարևոր հարցերի վրա՝ արդյո՞ք ընդունվել են Բաքվի առաջարկությունները ու երկրորդ՝ ո՞րն է դրանց բովանդակությունը։
Երկրորդ հարցի պատասխանն օրվա ընթացքում ստացանք Բաքվից, որը բացահայտեց Հայաստանին ներկայացրած բոլոր 5 կետերը։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի խոսքով՝ փաստաթղթի նախագծում հետևյալ դրույթներն են.
-Կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը և քաղաքական անկախությունը միմյանցից,
-Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ և ստանձնում են ապագայում նույնպես նման ոտնձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն,
-Կողմերը պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ միմյանց անվտանգության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքներից,
-Կողմերը պարտավորվում են սահմանազատում և սահմանագծում իրականացնել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել,
-պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները և կոմունիկացիաները:
Այսպիսով, օգտվելով բարդ միջազգային համատեքստից՝ Բաքուն որոշել է իրականություն դարձնել իր օրակարգը՝ ապավինելով Անկարայի աջակցությանը ու հաշվարկելով, որ միջազգային որևէ դերակատար լուրջ հակազդեցություն չի ցուցաբերի իր քաղաքականությանը։
Պաշտոնական Երևանն, իհարկե, կարող է մերժել Բաքվի առաջարկությունները, սակայն Ադրբեջանի ոճը վերջնագրային է ու այդ դեպքում՝ չի բացառվում նոր պատերազմը։ Արդյո՞ք Հայաստանն ունի պատերազմելու ռեսուրսներ՝ ռազմական ու դիվանագիտական, ու կան երաշխիքներ, որ նոր պատերազմի դեպքում նոր անվտանգային ռիսկեր չեն ստեղծվելու։
Մյուս կողմից, եթե Հայաստանը գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման, ի՞նչ երաշխիքներ են ստանում Արցախն ու արցախցիները, արդյո՞ք սա Արցախը հայաթափելու երկարաժամկետ ծրագիր չէ։
Նիկոլ Փաշինյանը՝ արտաքին քաղաքական ռիսկերից զատ, կանգնած է նաև լուրջ ներքաղաքական մարտահրավերի առաջ։ Նրա ցանկացած որոշում կարող է ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել երկրի ներսում։
Ամեն դեպքում՝ թևակոխում ենք մի փուլ, որն առատ է անվտանգային նոր ռիսկերով ու պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ։
Վահրամ Բագրատյան