Փաշինյանի նվերը Ալիևին կամ՝ ի՞նչ է նշանակում Զատուլինի մուտքի արգելքը

Փաշինյանի նվերը Ալիևին կամ՝ ի՞նչ է նշանակում Զատուլինի մուտքի արգելքը

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը այսօր լուր հրապարակեց, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է:

Հաշվի առնելով լուրի աղբյուրը՝ որևէ մեկը չկասկածեց դրա իսկությունը: Հետո եղավ նաև հաստատումը. Զատուլինը իր՝ ՀՀ-ում անցանկալի անձ համարվելու մասին նամակ ստացել է ՀՀ Ազգային ժողովից: Ինքը՝ Զատուլինը, այս քայլը իր անձի նկատմամբ որակել է որպես վիրավորական: Ի դեպ, հոկտեմբերի 28-ին Երևանում պետք է կայանար Լազարևյան ակումբի հերթական նիստը, իսկ Զատուլինն ակումբի նախագահողն է:

Մինչ MediaHub-ը Լազարևյան ակումբից ճշտում էր, թե արդյոք նիստը տեղափոխելու մասին որոշում ունեն, հաշվի առնելով վերջին զարգացումները, Զատուլինի կողմից ՀՀ ԱԺ նամակի հրապարակումը դրա պատասխանն էր՝ քանի որ նախագահողը չի կարող ժամանել Երևան, ապաև...

Կոնստանտին Զատուլինը, հիշեցնենք, վաղուց արդեն ներառված է Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակում», որում հայտնվում են բոլոր այն անձինք, ովքեր այցելել են Արցախ: Եվ նրա հակաադրբեջանական ելույթները շատ Բաքվի կոկորդին կանգնած ոսկոր էին... բայց, ահա, ՀՀ իշխանությունները Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից առաջ յուրօրինակ նվեր մատուցեցին թե՛ Ալիևին, թե՛ նաև Պուտինին՝ հաստատելով այն, որ Հայաստանում, այո՛, հակառուսական քարոզչությունը պետական մակարդակով է հովանավորվում: