Պարն օգտակար է հոգեկան առողջության և հիշողության զարգացման համար, ասել է մասնագետը

Պարն օգտակար է հոգեկան առողջության և հիշողության զարգացման համար, ասել է մասնագետը

Գիտնականներն ապացուցել են, որ պարել սովորելը դրական է ազդում մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա։ Պարի օգտակարության մասին, այն մասին, թե ինչպես է այն ազդում մարդու հոգեկան առողջության, հիշողության և ուշադրության վրա, Lentа.ru-ին պատմել է SMART & ART հիշողության և ուշադրության զարգացման մեթոդոլոգիայի հեղինակ, ուղեղի աշխատանքի մասնագետ Լարիսա Շելուդչենկոն։

Փորձագետը նշել է, որ պարելիս շատ ավելի շատ կառույցներ են ներգրավված, քան կարելի է պատկերացնել։ Աշխատում է ոչ միայն մկանային-կմախքային ապարատը, այլև ուղեղն ամբողջությամբ, քանի որ նրա խնդիրն է ուշադիր կրինել գործողությունները, պահպանել ռիթմը, համաժամանակությունը և այլն։ Միևնույն ժամանակ, ըստ Լարիսա Շելուդչենկոյի, զարգանում է և՛ ուշադրության կայունությունը, և՛ ուշադրությունը արագ փոխելու հմտությունը, քանի որ պար սովորելը երկար գործընթաց է, իսկ պարային շարժումները սովորաբար կրկնվում են։

Մասնագետը հավելել է, որ պարի ժամանակ միաժամանակ ներգրավվում են ուղեղի տարբեր հատվածներ, որոնք պատասխանատու են երաժշտության ընկալման, մարմնի և մկանային համակարգի կոորդինացիայի, տեսողական ընկալման, շոշափելիքի և լսողության միջոցով տեղեկատվության ընկալման համար:

«Եթե մարդը նոր է սկսել զբաղվել պարով, ապա շարժումները սովորելիս արտադրվում է հսկայական քանակությամբ սերոտոնին և էնդորֆին՝ երջանկության հորմոններ, որոնք բարելավում են տեղեկատվության ընկալումն ու տրամադրությունը։ Երբ մարդը երջանիկ է, ուսուցման ցանկացած գործընթաց ավելի արդյունավետ է», – ասել է մասնագետը։

Լարիսա Շելուդչենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սկսնակ պարողը պարապմունքների ընթացքում միջինը 5 տոկոսով բարելավում է կարճաժամկետ հիշողությունը՝ ուղեղի միանգամից մի քանի հատվածների խթանման շնորհիվ։ Նրա խոսքով, ստացվում է ուղեղի «ներքին մերսման» նման մի բան։

Նա հավելել է, որ եթե մարդը պարով է զբաղվում, ապա ցանկացած ինտելեկտուալ աշխատանքի արդյունավետությունը միջինը 10 տոկոսով բարձրանում է՝ համեմատած այն իրավիճակի հետ, երբ մարդը միայն մտավոր ծանրաբեռնվածություն ունի։ Ընդ որում, բոլորովին կարևոր չէ, թե դա ինչ պար է՝ և՛ վալս սովորելիս, և՛ TikTok-ից պար սովորելիս գործում են նույն մեխանիզմները։

«Երկար ժամանակ պարով զբաղվող մարդու համար մեխանիզմը մի փոքր այլ կերպ է աշխատում։ Ժամանակի ընթացքում հորմոնները հանդարտվում են, էնդորֆինները արտադրվում են ավելի քիչ քանակությամբ, սակայն երկար պարող մարդկանց մոտ կարճաժամկետ հիշողության ծավալը միջինը 25 տոկոսով ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, ովքեր չեն պարում: Այսինքն՝ պարողները ավելի լավ են հիշում բառերը, անունները, ամսաթվերը և այլն»,- ասում է փորձագետը։

Լարիսա Շելուդչենկոն նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պարի ընթացքում ընդհանուր առմամբ բարելավվում է արյան շրջանառությունը և ուղեղի արյան մատակարարումը, ինչպես նաև թոքային համակարգի աշխատանքը, ինչը նույնպես բարենպաստ ազդեցություն է ունենում ինտելեկտի զարգացման վրա, քանի որ ուղեղը հարստանում է թթվածնով։ Նաև, ըստ մասնագետի, համարվում է, որ պարողները ավելի քիչ են ենթարկվում վիրուսային հիվանդությունների, քանի որ պարը մշտապես խթանում է իմունային համակարգը։