Ինչո՞ւ են տղամարդկանց ՊՆ-ից ծանուցագրեր ուղարկվում․ պարզաբանում

MediaHub.am-ը մոտ մեկ շաբաթ է՝ զանգեր է ստանում քաղաքացիներից, թե տղամարդկանց ՊՆ-ից ծանուցագրեր են ուղարկվում, թե նրանք պետք է հավաքների մասնակցեն։
Մեզ զանգահարողների մեծ մասը մարզաբնակ տղամարդիկ են, որոնք չեն հասկանում, թե ինչ հավաքների մասին է խոսքը, կամ ինչու իրենք պետք է դրանց անպայման մասնակցեն։
Նշենք, որ մեզ հետ կապ հաստատած տղամարդիկ մինչև 50 տարեկան են։
«Լուրերով լսում ենք, թե ինչ ա կատարվում, Ադրեջանը սկսել ա կրակել, մեզ էլ հավաքների են տանո՞ւմ։ Ինչի՞ են հիմա մեր մասին հիշել։ Համ ինձ են ծանուցել, համ՝ եղբորս որդուն, որ երկու տարի առաջ ա զորացրվել»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:
Ավելի վաղ հայտարարված հավաքների մասին է խոսքը, թե իրավիճակ է փոխվել. MediaHub.am-ը պարզեց Պաշտպանության նախարարությունից։
«Վարժական հավաքների անցկացման մասին կառավարության որոշումները հրապարակվել են բոլոր հնարավոր հարթակներում, ԶԼՄ-ներում»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ MediaHub.am-ը գրել էր, որ մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ որոշումը կառավարությունն ընդունել է փետրվարի 2-ին։
Հավաքներին կմասնակցի մինչև 3281 քաղաքացի, 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը ավագ ենթասպայական կազմի, 232-ը սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով, յուրաքանչյուրը ոչ ավելի, քան 25 օրով։
Նարե Գնունի