«Հաղթանակի» այգում «Գոլդեն փելիսին» օտարված շուրջ 18 հազար քմ հողամասը կվերադարձվի պետությանը

Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կառավարման օրոք պետությանը բազմաթիվ գույք ու հողամասեր է օտարվել։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով ՀՀ դատախազության 2022թ․-ի գործունեության մասին հաղորդումը հայտնեց, որ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության հայցը՝ «Հաղթանակ զբոսայգում» Զախարյանի օրոք «Գոլդեն փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17 հազար 77,6 քմ մակերեսով հողամասը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, կվերադարձվի պետությանը։ 

Ըստ գլխավոր դատախազի հաղորդման՝ Երեւանի քաղաքապետի 26․04․2006թ․-ի թիվ 622 որոշմամբ եւ 08․04․2008թ․-ի թիվ 16/19 որոշմամբ «Գոլդեն փելիս» հյուրանոց եւ «Գոլդեն փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձեւով օտարվել են համապատասխանաբար 17 հազար 77,6 քմ եւ 10 հազար քմ մետր մակերեսով հողամասեր՝ այն դեպքում, երբ նշված հողամասերը, որպես«Հաղթանակ» զբոսայգու մաս, ընդգրկված են հողային գրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում եւ ենթակա չէին օտարման։ 

«Գլխավոր դատախազության կողմից այս առնչությամբ 2022թ․-ին 2 հայց է հարուցվել։ Մեկ տարի անց՝ 25․04․2023թ․-ին դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության հայցը եւ Հաղթանակ զբոսայգում «Գոլդեն փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17 հազար 77,6 քմ մակերեսով հողամասը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, կվերադարձվի պետությանը»,-նշեց Վարդապետյանը։ 

Նշենք, որ այնտեղ հիմա գործում է Radisson Blu հյուրանոցը։

Մանրամասն՝ տեսանյութում