Հակառուսական քարոզչությունը ձեռնտու է ՀՀ իշխանություններին, բայց ՌԴ նոտան իր ազդեցությունն ունեցավ. Խալաթյան

Հակառուսական քարոզչությունը ձեռնտու է ՀՀ իշխանություններին, բայց ՌԴ նոտան իր ազդեցությունն ունեցավ. Խալաթյան

Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ: Այս հանդիպումը կարևոր է այնքանով, որ տեղի է ունենում Արցախում շարունակ հայկական տարածքների հանձնման ֆոնին՝ մի քանի օր է, ինչ Աղավնոն, Ներքին Սուսը, Բերձորն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ, հասկանալի է, որ Ադրբեջանի ղեկավարը այսքանով չի բավարարվելու և շարունակությանը դեռ ականատես կլինենք:

Ուշագրավ է նաև, որ եռակողմ հանդիպման նախօրեին էլ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանձնաժողովների հանդիպման կոնտեքստում:

Եռակողմ հանդիպան նախաշեմին MediaHub.am-ը զրուցել է միջազգայնագետ Հայկ Խալաթյանի հետ՝ հասկանալու, թե ինչ կարելի է սպասել հանդիպումից:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. 

- Պարոն Խալաթյան, օգոստոսի  31-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը, թեև որոշ կանխատեսումներով այդ հանդիպումը  պետք է տեղի ունենար Մոսկվայում: Ինչո՞ւ հենց Բրյուսելում, Մոսկվան զիջում է դիրքե՞րը:

- Կարծում եմ, որ հանդիպման վայրի ընտրությունը եղել է Ադրբեջանի նախընտրությունը: Որովհետև, եթե հիշում եք, վերջին շրջանում ադրբեջանական կողմը դժգոհ էր Մոսկվայից: Հիշեցնենք, որ նույն Շուշիում ապրիլին կայացած համաժողովի ժամանակ, Ալիևը հայտարարեց, որ Բրյուսելին դիտարկում է որպես անկողմնակալ դիտորդ, ակնարկելով, որ Մոսկվան կողմնակալ է: Նաև նշեմ, որ ձեռք էր բերվել համաձայնություն, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովն իր հաջորդ նիստն անցկացնի Մոսկվայում, ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ, բայց այդպես էլ այդ հանդիպումը չկայացավ և, ահա, կկայանա արդեն օգոստոսի 30-ին Մոսկվայում՝ եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ:
 
- Ի՞նչ սպասել այդ հանդիպումից:

- Դժվար է ասել, որովհետև մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը որոշակի դժգոհություն ունի բանակցային գործընթացում Արևմուտքի ակտիվացումից, և փորձելու է ամեն ինչ անել , որպեսզի ցույց տա, որ ինքն է տարածաշրջանում գլխավոր խաղացողը: Այս պարագայում հարց է, թե արդյոք հայաստանյան իշխանությունները կհամարձակվեն գնալ լուրջ փաստաթղթերի ստորագրման:

- Վերջին շրջանում Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են սրվել: Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Դրա համար կան օբյեկտիվ և սուբեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ Հայաստանում կան որոշակի դժգոհություններ Ռուսաստանի ոչ ակտիվ օժանդակության հետ կապված՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ի տարբերություն Թուրքիայի, որն ակտիվ մասնակցություն էր ունենում և՛ պատերազմի ընթացքում, և՛ հետպատերազմյա գործընթացներում: Եվ շատ լուրջ գործոն է սուբյեկտիվ գործոնը: Այն է՝ իշխանական պրոադրբեջանական լրատվամիջոցների, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների հակառուսական քարոզարշավը: 

- Այսինքն ստացվում է, որ ՀՀ իշխանություններին ձեռնտո՞ւ է հակառուսական տրամադրությունների բորբոքումը ու այդ պատճառով է, որ գործուն քայլեր չեն գործարկում դրանք մեղմելու ու կանխելու համար:

- Պատճառը նրանում է, որ ՀՀ իշխանությունները հասկանում են, որ մեր հասարակությանը պետք են մեղավորներ՝ թե՛  44-օրյա պատերազմում պարտության համար, թե՛, առավել ևս, դրանից հետո տեղի ունեցող զարգացումների, գործընթացների և նոր զիջումների համար: Եվ նրանք շատ լավ հասկանում են, որ այդ պատասխանատուն պետք է լինեն կա՛մ իրենք, կա՛մ Մոսկվան: Եվ, հետևապես, փորձում են ամբողջ եմղքը բարդել Ռուսաստանի վրա: 

Կարծում եմ, որ հենց դրանով է պայմանավորված “Սուրմալու” առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո ՌԴ դեսպանատան նոտան, որն ուղղված էր ոչ թե քաղաքական ուժերին, այլ հենց Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք կանխեն ու դադարեցնեն այս հակառուսական քարոզչության ալիքը: Որպես հետևանք, այս անգամ ոստիկանությունը կանխեց Երևանում ՌԴ դեսպանության դիմաց հակառուսական ցույցի անցկացումը, թեև նախկինում քաղաքական նման միջոցառումներ անցկացվել էին: Այնպես որ, կարելի է ենթադրել, որ ՌԴ նոտան իր ազդեցությունն ունեցել է:

MediaHub-ը հիշեցնում է, որ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային, սակայն դրա բովանդակությունը չի հրապարակվել:

 

Ռեբեկա Հովհաննիսյան