«Գորշ գայլերի» ուղերձը ՔՊ-ական «խաղաղության աղավնիներին»

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ տանող ճանապարհին տեսախցիկներ չկան: Այս մասին հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Սերինե Մուրադյանը մեկնաբանելով սոցցանցերում տարածված սկանդալային տեսանյութը:
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում անհայտ տղամարդը հուշահամալիրի առջև ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը ասելով, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»:
Փաշինյանի և ՔՊ-ական խմբակի իշխանության օրոք «Գորշ գայլերը» հանգիստ քայլում են երևանյան փողոցներում և ծաղրում են ողջ հայ ազգին: ՔՊ-ականներն ուժային ողջ համակարգն ուղղում են ընդդիմության դեմ պայքարի՝ այլախոհների վրա կոմպրոմատներ հավաքելու և սեփական իշխանությունը պահելու նպատակով։
ՔՊ-ն 2018թ.-ից մինչև այսօր ապացուցել է, թե ինչպես է կառավարում երկիրն ու ինչ աղետալի հետևանքների է դա բերում թե ներքին, թե արտաքին ճակատներում:
Անվտանգության համակարգը, որը ցանկացած պետության իմունիտետն է, ՔՊ-ի օրոք կուսակցականացվել է, համալրվել է այդ պաշտոնի հետ որևէ աղերս չունեցող կադրերով, ինչի արդյունքն էր 44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը։
Փաշինյանն ու թիմը զբաղված են սեփական իշխանությունը «զմրսելու» քաղաքականությամբ՝ համատիրության ղեկավարից մինչև մարզպետ՝ բոլորը պետք է լինեն ՔՊ-ական: Միակուսակցական համակարգի ձևավորումը ՀՀ-ի դիրքերն ավելի է թուլացնելու, քանի որ առողջ և կենսունակ են այն համակարգերը, որտեղ կա իրական մրցակցություն և ներքաղաքական դաշտում լսելի է ընդդիմության ձայնն ու իշխանությունն ականջալուր է լինում նաև այլախոհների մտքերին և առաջարկություններին:
Վահրամ Բագրատյան