Ալիևի ու Էրդողանի հարձակումը. ի՞նչ են պատասխանում Երևանից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին պնդել է՝ ժամանակն է, որ Երևանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։ Նա հիշեցրել է հայկական կողմի քայլերի հաջորդականությունը՝ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի իշխանությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ընդամենը մի քանի ամսից ավելի հեռուն է գնացել՝ մայիսին արդեն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղը և անկլավները։ «Սա պետք է դիտարկել որպես դրական պահ։ Հիմա եկել է ժամանակը, որ այդ նույն խոսքերն ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը:
Այսպիսով, Ալիևն, ըստ էության, կոնկրետ կապիտուլյացիա է առաջարկում Հայաստանին, ինչի դիմաց մեր երկիրը չի ստանում անգամ անվտանգության երաշխիքներ, իսկ Արցախի սուբյեկտության մասին խոսելն անգամ ավելորդ է:
Ալիևին երկրորդում է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Նա հայտարարել է, թե 2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»:
«2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա այդ տարածքից: Այդ է գրված համաձայնագրում, և ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի դրա պահանջը»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:
Սա էլ, իր հերթին, ենթադրում է Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոյի վերանայում:
Այո, Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը հավուր պատշաճի չի կատարում իր պարտավորությունները, որոնք նախատեսված են եռակողմ հայտարարությամբ, մյուս կողմից՝ ինքնին հասկանալի է, որ ռուսական ռազմական ներկայությունն այսօր Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքն է:
Բաքվի ու Անկարայի կոշտ հայտարարությունների ֆոնին Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս անատամ հայտարարություններով: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումն ու Ղարաբաղի հայերի իրավունքների քննարկումը տարածքային խնդիրներ առաջ չի բերի:
Ինչպես տեսնում ենք՝ Երևանը ոչ միայն հրաժարվել է Արցախի անկախության օրակարգից, այլ նաև որևէ կարգավիճակ չի առաջարկում ԼՂ-ի համար՝ անսկզբունք դիրքորոշումը քողարկելով «Բաքու - Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկման» վերացական պահանջի ներքո:
Վահրամ Բագրատյան