Քաղաքացին ապօրինի բնակվել է նախկինում վարձակալած բնակարանում և վաճառել տան իրերը

Քաղաքացին ապօրինի բնակվել է նախկինում վարձակալած բնակարանում և վաճառել տան իրերը

Անահիտ Փ.-ն բանավոր պայմանավորվածության հիման վրա 2019 թվականի հոկտեմբերի 17-ից ամսական 200 հազար դրամ վարձավճարով բնակություն է հաստատել Անի Պ.-ին պատկանող բնակարանում, սակայն բնակարանի վարձավճարները ժամանակին չի վճարել, որի արդյունքում Անի Պ.-ն իր տնից հանել է նրան և փոխել մուտքի դռան փականը:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

2020 թվականի սեպտեմբերին Անահիտ Փ.-ն՝ օգտվելով այն հանգամանքից, որ Անի Պ.-ի և նրա ամուսինը բացակայում են երկրից, վնասել է նշված բնակարանի մուտքի դռան վրա տեղադրված փականի միջուկը, մուտք գործել բնակարան և մինչև 2020 թվականի նոյեմբերի 24-ը ապօրինի բնակվել այնտեղ:

Այդ ընթացքում նշված բնակարանից հափշտակել է 3 հատ՝ ընդհանուր 12.000 դրամ արժողությամբ վարագույր, 28.000 դրամ արժողության «Սամսունգ» ապրանքանիշի փոշեկուլ և 2.000 դրամ արժողությամբ հեռուստացույցի ալեհավաք սարք:

Գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի ապրիլի 26-ին և մակագրվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Անահիտ Փ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի առաջին մասով (Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը), 177- րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (Գողությունը, որը կատարվել է  բնակարան ապօրինի մուտք գործելով):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: