Փրկվեց Լենինգրադի բլոկադայից և դարձավ Հայաստանի լավագույն գրականագետներից մեկը․ Նատալյա Գոնչար
Նա մարդ է, ով ունի կենսագրություն, ում մտքի, գործի ու գաղափարի հետևից շատերն են գնում։
Գրականագետ, մանկավարժ և բարձր որակավորում ունեցող թարգմանիչ, «Պաշարված Լենինգրադի բնակչի» կարգավիճակ ունեցող 87-ամյա Նատալյա Գոնչարին այսպես է բնութագրում դուստրը՝ Նատալի Գոնչար-Խանջյանը։
Նատալյա Գոնչարը ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 23-ին, Լենինգրադում։ Նրա հորը գնդակահարել են՝ նախքան իր ծնվելը։ Մայրն ամեն ինչ արել է, որ կարողանա փրկել դստերը։ Իսկ 1942թ.-ի փետրվարին 4-ամյա աղջնակին Լենինգրադից «Կյանքի ճանապարհով» տարհանել են դեպի Հայաստան՝ իր մոր և տատիկի պատմական հայրենիք:
Երևանում բանասիրական կրթություն ստանալով` նա դարձել է գրական թարգմանիչ և թարգմանության տեսաբան: 70-ականներին Նատալյա Ալեքսանդրովնան դարձել է գրող և թարգմանիչ Լևոն Մկրտչյանի «դաշնակիցներից» մեկը՝ խորհրդային այլ հանրապետությունների և արտասահմանյան երկրների հետ Հայաստանի գրական կապերի ընդլայնման գործում։
Նատալյա Ալեքսանդրովնան զբաղվել է նաև Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ և թարգմանությամբ։ Հենց նա է գրել առաջին ռուսերեն գիտական հոդվածները Սարոյանի աշխատանքների մասին:
Նատալյա Ալեքսանդրովնան երբեք մեծ նշանակություն չի տվել այն փաստին, որ որպես Լենինգրադի սովն ու ցուրտը վերապրած քաղաքացի կարող է ինչ-որ արտոնություններ ունենալ, պարգևներ ստանալ և այլն։ Չնայած դրան, 2024-ին նրան շնորհվել է պաշարված Լենինգրադի բնակչի կարգավիճակ։