Արևմուտքի աննախադեպ «գրոհը». Բաքուն դեռ դիմադրում է

Վերջին շրջանում դժվար է հիշել որևէ այլ օր, երբ արևմտյան կառույցներն այսքան ներգրավված լինեին Հայաստանին, մեր տարածաշրջանին վերաբերող հարցերում:
Դեռ երեկ առավոտյան անոնսավորվեց, որ Երևան է ժամանել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը Երևանում հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ և «մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ և ընդգծեց միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը»:
Արդեն ուշ երեկոյան Լաչինի միջանցքը բացելու հստակ ազդակ հնչեց Վաշինգտոնից:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը:
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բլինքենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։
«Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում», - ասված է հաղորդագրությունում։
Բաքվից հնչող հայտարարությունները հուշում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է դիմադրել միջազգային հորդորներին ու պահանջներին՝ առնվազն հնարավոր համարելով իր առաջ քաշած պահանջների քննարկումը:
Բաքվից հաստատում են, որ Ադրբեջանն անցած շաբաթ Արցախի իշխանություններին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, որոնք, սակայն, ընդունելի չեն եղել Ստեփանակերտի համար:
Բաքուն պահանջել է, որ Արցախում հանքերի շահագործումը դադարեցվի, և վերահսկողության մեխանիզմ ստեղծվի Լաչինի միջանցքով բեռների փոխադրման համար:
Ընդ որում, Բաքվում շարունակ ակնարկում են, թե Ստեփանակերտի հետ դիալոգին խոչընդոտում է պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին Ալիևի իշխանությունը համարում է «Կրեմլի նախագիծ»:
Վերջինս նախօրեին BBC-ի Hard Talk-ին տված հացազրույցում ասել է`Ստեփանակերտը պատրաստ է բանակցությունների:
«Մենք պատրաստ ենք ցանկացած բանակցության, եթե ադրբեջանական կողմից լինի ընկալում, որ սա բանակցություն է երկու կողմի միջև: Մենք անկախության առաջին օրից կրկնում ենք, որ հասկանում ենք և ակնկալում ենք, որ կապրենք կողք կողքի, բայց առանձին տարածքով, առանձին պետություններով ու օրենքներով», - ընդգծել է նախարարը:
Թվում է՝ պատային վիճակ է, միջազգային ճնշում Ադրբեջանի վրա, որը, սակայն առարկայական դրսևորում չի ստանում, ինչը պաշտոնական Բաքվին թույլ է տալիս՝ սակարկել աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ:
Ի դեպ, երեկ ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։
«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին», - նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելության կազմում կլինի հարյուր հոգի, առաքելությունը կգործարկվի երկու տարով:
Դեռևս այնքան էլ պարզ չէ՝ ինչպիսի արդյունավետություն կունենա այս առաքելությունը, որին ընդդիմանում են ոչ միայն Բաքուն, այլ նաև՝ Ռուսաստանն ու Իրանը:
Արդյո՞ք այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, թե՞ տարածաշրջանային նոր լարվածության «ալիբի» կհանդիսանա: Այս հարցի պատասխանը կստանանք մոտ ապագայում: