Ռուկոլա․ կանաչեղեն, որի օգուտներն ու հակացուցումները քչերին է հայտնի

Ռուկոլան պարունակում է A, C, B9 վիտամիններ, երկաթ, յոդ և կալցիում։ Այն նվազեցնում է արյան ճնշումը՝ ընդլայնելով անոթները, բարձրացնում է հեմոգլոբինը, ամրացնում է իմունային համակարգը, դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը և օրգանիզմից հեռացնում ավելորդ հեղուկը։
Ռուկոլան օժտված է խորխաբեր և միզամուղ հատկություններով, որը թույլ է տալիս կարգավորել ջուր-աղ հավասարակշռությունը և ճարպերն այրելու ունակությունը։ Ունի նաև քաղցկեղի բջիջների զարգացումը կանխարգելող հատկություն։ Այս բույսը դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի և մարսողական գործընթացների վրա։ Ռուկոլան անփոխարինելի է այն հիվանդների համար, որոնց մոտ ստամոքսի խոց կամ գաստրիտ է ախտորոշվել։
Բույսը պաշտպանում է ստամոքսի պատերը և կատարելապես ամրացնում դրանք, պայքարում մաշկի հիվանդությունների դեմ, նպաստում վերքերի ապաքինմանը: Բույսից ստացված հյութն օգնում է հեմատոմաների, խոցերի, կոշտուկների և պոլիպների վերացմանը։ Ռուկոլայի մեջ վիտամին C-ի պարունակությունը նպաստում է իմունիտետի բարձրացմանը՝ պաշտպանելով վարակներից։ Վիտամին A-ի առկայության շնորհիվ ռուկոլան բուժիչ ազդեցություն ունի մաշկի, մազերի և եղունգների վրա։
Ռուկոլա օգտագործելը հեշտացնում է ցանկացած սթրեսի դեմ պայքարը, քանի որ այն ունի նյարդային համակարգը ամրացնող հատկություն: Բույսն օգնում է նաև ավելորդ քաշի դեմ պայքարում։
Անհրաժեշտ է հիշել նաև ռուկոլայի մեկ այլ՝ խոլեստերինը իջեցնելու և հեմոգլոբինը բարձրացնելու հատկության մասին: Ֆոլաթթվի առկայությունն էլ իր հերթին մթերքը օգտակար է դարձնում հղիություն պլանավորող կանանց համար։
Ռուկոլան խորհուրդ է տրվում նաև երակային հիվանդություններ և արյան բարձր ճնշում ունեցող հիվանդներին։
Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս մեծ քանակությամբ ռուկոլա ուտել, եթե ունեք լյարդի հիվանդություն, լեղուղիների դիսկինեզիա, կոլիտ կամ հոդատապ: Քանի որ ռուկոլան պարունակում է զգալի քանակությամբ օքսալաթթու, որը կարող է երիկամներում քարեր առաջացնել, այն պետք է զգուշությամբ օգտագործվի այս հիվանդության հակվածների կողմից: