Պոպուլիզմի «արքան»

Պոպուլիզմի «արքան»

ՀՀ կառավարությունը, վերջին նիստում, չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրանա՝ 68.000 ՀՀ դրամից դառնալով 80.000 դրամ: Կառավարությունում ասում են, որ նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, այն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր:

Հիմա դուրս գանք կառավարության՝ ոչինչ չասող մասնագիտական մեկնաբանությունների դաշտից ու փորձենք մի պարզ հարցի պատասխանել՝ տարին նոր է մեկնարկել, ինչո՞ւ է կառավարությունն այսքան վաղ հայտարարում, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացվելու է։

Մեր հարցը գուցե տեղին չլիներ, եթե աշխարհում նման անկանխատեսելի զարգացումներ տեղի չունենային։ Դեռևս ուկրաինական պատերազմն ընթացքի մեջ է ու դրա հետևանքով շարունակվում է նաև Արևմուտքի «պատժամիջոցային» պատերազմը Ռուսաստանի դեմ ու աշխարհի նույնիսկ լավագույն փորձագետները չեն կարող կանխատեսել, թե ինչպիսի տնտեսա-քաղաքական համատեքստ կձևավորվի ամիսներ, նույնիսկ՝ շաբաթներ անց։ Գնաճն արդեն իսկ անհանգստացրել է անգամ բարեկեցիկ երկրների ժողովուրդներին․ վերջին օրերին ԱՄՆ-ում բողոքի տարերային ակցիաներ են տեղի ունենում բենզինի թանկացման դեմ։

Վստահաբար՝ գնաճը Հայաստանում երկնիշ թիվ է արձանագրելու, իսկ դա նշանակում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ընդամենը 12000 դրամով որևէ արդյունք չի տալու՝ հասարակության համատարած աղքատության ֆոնին։

Կառավարությունը չի պատկերացնում համաշխարհային ճգնաժամի քաղաքական, տնտեսական, սոցիալական հետևանքները ու «աշխատավարձի բարձրացում» շոուով փորձում է «մտահոգ» իշխանության կերպարի մեջ մտնել։ Հայաստանում իրական մարտահրավեր է լինելու ոչ միայն սոցիալ-տնտեսական ճգնաժամը, այլ նաև այն հաղթահարելու ունակություն չունեցող պոպուլիստ կառավարությունը։ Նույնիսկ դժվար է կանխատեսելը, թե երկու մարտահրավերներից որն է ավելի լուրջը։

Վահրամ Բագրատյան