Քաղաքական անմեղսունակություն

Քաղաքական անմեղսունակություն
Քաղաքական անմեղսունակություն
Քաղաքական անմեղսունակություն

 

«Մեր պատկերացումները (Հայաստանի և Ադրբեջանի) համարժեք են խաղաղության մասին։ Մենք գնում ենք խաղաղության»,- երեկ այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


Կարծիքը կարելի էր համարել մասնավոր ու հատուկ անդրադարձի անհրաժեշտություն չունեցող, եթե Քոչարյանն առանցքային պաշտոն չզբաղեցներ խորհրդարանում։ Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ Քոչարյանն, ըստ էության, անձնական կարծիք չի արտահայտում ու գրեթե բառացի կրկնում է այն, ինչը բազմիցս ասվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։


Ամբողջ խնդիրն այն է, որ մենք միակողմանի պատկերացում ունենք խաղաղության մասին՝ այն իմաստով, որ տեսլական լսում ենք միայն Բաքվից, իսկ մերոնց «խաղաղությունը» նման է կենացի։
Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ Հայաստանին առաջարկվել է խաղաղության պայմանագիր կնքել։ Երևանից պատասխանում են, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը «համարվում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը»: 


Քանի որ պաշտոնական Երեւանը չի պարզաբանել, թե ինչ բովանդակություն ունի իր «խաղաղության դարաշրջանի» օրակարգը, փորձագետները միանգամայն արդարացիորեն նկատում են, որ Երևանը պատրաստ է ԼՂ-ն դիտարկել Ադրբեջանի կազմում։ Լեգիտիմ հարց ուղղենք մեր կառավարությանը` ի՞նչ է, ի վերջո, նրա «խաղաղության օրակարգը» ու այդ համատեքստում ի՞նչ է սպասվում Արցախին։ Այս հարցի պատասխանը մենք չենք լսում ու չեմ էլ կարծում՝ մոտ ապագայում լսենք։


Փոխարենը՝ Արցախում երեք օր է՝ գազ չկա և վնասված գազատարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվում. ռուս խաղաղապահները ադրբեջանական կողմի հետ շարունակում են բանակցությունները։ ՀՀ ՊՆ-ը հայտնում է, որ մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։


Թշնամին կրկին հարձակվել է Երասխի դիրքերի վրա։ Ամեն կերպ փորձ է կատարվում գրավել բարձունքը, որը մեր զորքը համառորեն պահում է։


Ըստ առկա տեղեկությունների` Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակաբար կրակոցներ է արձակում։


Օգտվելով ուկրաինական ճգնաժամից՝ Բաքուն ակնհայտորեն փորձում է էսկալացնել իրավիճակը տարածաշրջանում՝ առաջացնելով պատերազմի ռիսկեր։ Այս համատեքստում Փաշինյանի ու նրա թիմակիցների «խաղաղասիրական» զեղումները նմանվում են քաղաքական անմեղսունակության։

 

Վահրամ Բագրատյան