Դադարու՞մ է գոյություն ունենալ նախկին աշխարհակարգը: Ի՞նչ ռիսկեր և հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի Հանրապետության համար

Դադարու՞մ է գոյություն ունենալ նախկին աշխարհակարգը: Ի՞նչ ռիսկեր և հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի Հանրապետության համար

Երեկ՝ հուլիսի 19-ին, Թեհրանում կայացավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ ձևաչափով հանդիպում, ինչպես նաև` եղան երկկողմ հանդիպումներ, որոնց շրջանակներում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առանցքային հարցեր: MediaHub.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ՝ հասկանալու` ինչ փոփոխություններ կարող են բերել այս աշխարհաքաղաքական զարգացումները:

 

Հարց. Գլխավոր հարցերից մեկը Սիրիայի սահմաններին տիրող իրավիճակն էր և խնդրի կարգավորմանն ուղղված քայլերը: Ի՞նչ հիմնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին այդ մասով:

Ակնհայտ է, որ իրանական և ռուսական կողմերի ջանքերով, փաստացիորեն, գոնե առժամանակ, կանխվեց թուրքական ներխուժումը Սիրիայի հյուսիսային տարածքներ, որովհետև գիտեք, որ էրդողանական վարչախումբը հստակ ծրագիր ուներ և այդ մասին բացահայտորեն հայտարարում էր, որ Սիրիայի հյուսիսում իր համար գոյություն ունեն իբր վտանգներ՝ ի դեմս քրդական զինված կազմավորումների, և թուրքական կողմը պատրաստվում էր հերթական ներխուժումն իրականացնել Սիրիայի հյուսիսային քրդաբնակ հատվածներ, ստեղծելու, այսպես կոչված, 30 կիլոմետրանոց անվտանգային գոտի: Հիմա, կարծես, թե՛ Իրանի հոգևոր առաջնորդի, թե՛ Ռուսաստանի դիրքորոշումները, թույլ չտվեցին որպեսզի էրդողանական վարչախումբը գոնե առժամանակ իրականացնի իր ծրագրերը: Չնայած ակնկալել, որ էրդողանը կհրաժարվի իր նպատակներից՝ իսկ այդ նպատակներում, ըստ էության, ամրագրված է նաև Սիրիայի հյուսիսում թուրքական ծավալապաշտական ընդլայնում, դեռ վաղ է, բայց, այդուհնանդերձ, պարզ է, որ ռուսական և իրանական կողմերը, շատ կտրուկ և աներկբա կերպով ընդդիմացան թուրքական այս ծրագրին, ինչը նշանակում է, որ Սիրիա թուրքական ներխուժումն առնվազն հետաձգվում է, եթե ամբողջությամբ չի կանխվում:

 

Հարց. Ամրագրվեց, որ Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Սակայն, Թուրքիաի նախագահ Թայիփ Էրդողանը Թեհրանում եռակողմ գագաթնաժողովն ամփոփելիս հայտարարեց, որ ՌԴ-ից ու Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայի հյուսիսում սպառնալիքների չեզոքացման և իր ազգային անվտանգության խնդիրների կարգավորման հարցերում: Արդյոք սա բացառու՞մ է Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ վերոնշյալ տարածքներում և ի՞նչ հետևանքներ կլինեն ՌԴ-ի և Իրանի կողմից պայմանավորվածությունները խախտելու դեպքում:

Կարծում եմ, որ հնարավորինս արագ ռուսական և իրանական կողմերը փորձելու են օժանդակության տրամադրման միջոցով օգնել Սիրիական կենտրոնական իշխանությանը՝ նախագահ Բաշար ալ-Ասադին, վերահսկողություն հաստատելու բոլոր այն հատվածների վրա, որոնք թուրքական ներխուժման թիրախ էին: Այստեղ կա ևս մեկ խնդիր, որը բարդացնում է իրավիճակը: Քրդական զինված զորաջոկատները նախկինում համակարգվում և աջակցություն էին ստանում Միացյալ Նահանգների կողմից և հիմնական խնդիրը Սիրիական կենտրոնական իշխանության և քրդական զորաջոկատների միջև հենց այս տիրույթում է: Եթե կարողանան ռուսական և իրանական կողմերը հաջողել, և, ըստ էության, Սիրիայի կենտրոնական իշխանությունների և քրդական քաղաքական ուժերի միջև ձեռք բերվի համաձայնություն, որը ենթադրում է այս ուժերի լիակատար անցում սիրիական կենտրոնական իշխանության կողմը և նրա կողմից լիակատար աջակցության վայելում, ապա կարծում եմ թուրքական ծրագիրը կտապալվի և աստիճանաբար հնարավոր կլինի վերականգնել սիրիայի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունը երկրի այն շրջանների նկատմամբ, որոնք այժմ գտնվում են թուրքական արբանյակների վերահսկողության տակ կամ դուրս են Դամասկոսի վերահկողությունից՝ հաշվի առնելով քրդերի ներկայությունը այդ տարածքներում:

 

Հարց. Հանդիպումների շրջանակներում հաստատվեց երկկողմ համաձայնագրերի մի ամբողջ փաթեթ նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև: Ի՞նչ բնույթի համաձայնագրերի մասին է խորքը:  

Այն տեղեկատվությունը, որը հայտնվեց նաև ԶԼՄ-ների տիրույթում, թույլ է տալիս խոսելու նախևառաջ որոշակի ռազմավարական ընթացք ունեցող գործընթացների մասին, խոսքը վերաբերում է էներգետիկ ոլորտին: Իրանական ազգային նավթային ընկերությունը և «Գազպրոմը» հուշագիր ստորագրեցին, որը ենթադրում է լայնածավալ ծրագրի իրականացում և գնահատվում է մոտավորապես 40 մլդ դոլար: Կարծում եմ, որ ռուսական և իրանական կողմերը անվտանգային խնդիրներում եկել են գրեթե լիակատար համաձայնության: Դրա ցուցիչն է նաև այն, որ Իրանի հոգևոր առաջնորդը հստակորեն արձանագրեց Ռուսաստանի արդարացիությունը Ուկրաինայում մղվող ռազմական գործողությունների համատեքստում, ինչը կարևոր ուղեձ էր նաև Արևմուտքին: Այս իմաստով, խոսք էր գնում նաև զենք-զինամթերքի տիրույթում ռուս-իրանական համագործակցության մասին, որը երկու կողմերն էլ չեն հաստատում, բայց կարծում եմ, որ որոշակի գոնե նախնական խոսակցություն եղել է, և, ըստ էության, մենք գործ ունենք հեռագնա ծրագրի հետ, ինչը ենթադրում է Ռուսաստան և Իրան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաստատում:

 

Հարց. Ի վերջո, ամփոփելով «Թեհրան 22»-ը, որո՞նք են այդ հատկանշական հանդիպումների հիմնական վերջնարդյունքները:

Պետք է արձանագրել, որ նախկինում գոյություն ունեցած աշխարհակարգը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ, եթե, իհարկե, ընդհանրապես չի դադարել, և այս համատեքստում մենք առաջիկայում գործ ենք ունենալու բազմաբևեռ աշխարհի հետ, համաշխարհային գերտերությունների հետ՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի և, որը շատ կարևոր է Հայաստանի շահերի տեսանկյունից՝ տարածաշրջանային գերտերություննների նոր դերակատարության հետ: Իսկ այս տարածաշրջանում, փաստացի, գերտերություն է Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան, մեկը բարեկամական պետություն, մյուսը՝ բացահայտ թշնամական: Սա ենթադրում է, որ ստեղծվելու են նոր մարտահրավերներ, նոր ռիսկեր և, դրանց զուգահեռ, նոր հնարավորություններ: Հետևաբար, մարտահրավերներին ու ռիսկերին դիմակայելու և հնարավորություններն օգտագործելու առումով անհրաժեշտ է պետական համակարգի առավել հստակ գործունեություն, որպեսզի կարելի լինի գտնել համատեղ շահերի այն ոլորտները, որոնք կարող են օգտավետ լինել թե՛ Հայաաստանի, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար և պետք է աշխատել այդ շահերի խաչաձևման տիրույթում, ինչը կարող է մեծ նպաստ բերել Հայաստանի Հանրապետությանը:

 

Զրուցեց Ռեբեկա Հովհաննիսյանը