Կառավարության շենքի դիմաց ակցիայի իրականացնող անձանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարության շենքի դիմաց ակցիայի իրականացնող անձանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց, ժամը 18։00-ի սահմաններում, տեղի ունեցած հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո, նրանց կազմակերպմամբ, հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:

Դրանք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ Ստացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն։ Ձեռք բերված, համացանցում տարածված վերաբերելի տեսագրություններն ուսումնասիրվում են։

Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում վերջիններիս նույնականացնելու, ինքնությունը պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով :

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՉԵՐ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ