10 օրից Հայաստան–Վրաստան ֆուտբոլային խաղն է, իսկ տոմսերը չկան ու չկան․ ինչո՞վ է զբաղված ՀՖՖ-ն

10 օրից Հայաստան–Վրաստան ֆուտբոլային խաղն է, իսկ տոմսերը չկան ու չկան․ ինչո՞վ է զբաղված ՀՖՖ-ն

10 օրից՝ մարտի 20-ին, Երևանում տեղի կունենա Հայաստան–Վրաստան ֆուտբոլային հանդիպումը: Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանն անհամբեր սպասում են թե՛ Հայաստանի ֆուտբոլի երկրպագուները, թե՛ Վրաստանից ժամանող ֆուտբոլասերները: Բազմաթիվ հայ երկրպագուներ պատրաստվում են մեկնել Թբիլիսի՝ մեր ֆուտբոլիստներին երկրպագելու և ոգեշնչելու։

MediaHub-ը շարունակում է ահազանգեր և բողոքներ ստանալ ընթերցողներից, թե ընդամենը 10 օր է մնացել երևանյան հանդիպմանը, սակայն, տոմսերի վաճառքից որևէ նորություն չկա: Ամբողջ համացանցը ողողված է անհանգստացած երկրպագուների ահազանգերով, որ մնացել է մի քանի օր, իսկ տոմսերի վաճառքը ո՛չ սկսվել է, ո՛չ էլ հայտարարություն կա ՀՖՖ-ի կողմից, թե ե՞րբ կմեկնարկի, իսկ ահա հայ երկրպագուներն արդեն տոմսերը գնել են, որպեսզի Թբիլիսիում մասնակցեն պատասխան հանդիպմանը։

MediaHub–ը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հասկանալու, թե ե՞րբ է մեզ մոտ էլ մեկնարկելու հանդիպման տոմսերի վաճառքը: 

«Այսօր կամ վաղը տեղեկություն կլինի»,- պատասխանեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Մինչդեռ, MediaHub–ի աղբյուրները Վրաստանից հայտնում են, որ վրացի երկրպագուների համար Հայաստան–Վրաստան խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է դեռ երկու շաբաթ առաջ, տոմսերը մեկ օրում ամբողջությամբ սպառվել են։ Մեզ փոխանցեցին, որ ավելի քան 2500 վրացի երկրպագու պատրաստվում է ներկա գտնվել Հայաստան–Վրաստան երևանյան խաղին։  

Նշենք, որ դեռ հունվարին MediaHub–ին ՀՖՖ–ից հայտնել էին, որ տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի մեջ, նաև նշել էին, որ փետրվարին, երբ բացվի տոմսերի վաճառքը, դրանք կկարողանան ձեռք բերել նաև վրացի երկրպագուները: Սակայն, ինչպես տեսնում ենք, փետրվարին հայ երկրպագուներին նման հնարավորություն չընձեռվեց, և պարզ էլ չէ, թե երբ կընձեռվի, մինչդեռ խաղին մնացել է ընդամենը 2 շաբաթ ժամանակ:

Հետևապես կրկնում ենք տարածված ու արմատավորված այն տեսակետը, որ ՀՖՖ ղեկավարությունն իր տեղում չէ, չի տիրապետում իրավիճակին, և ոլորտը հասցրել է բարձիթողի վիճակի ու անգամ տարրական տոմսերի վաճառք իրականացնել չի կարողանում։

Մարիաննա Արամյան