ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում Պանամայի առաջին դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին

ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում Պանամայի առաջին դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին մայիսի 17-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պանամայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռոլանդո Էնրիկո Բառոու Նոադը (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով Պանամայի առաջին դեսպանի՝ Հայաստանում նշանակման առթիվ, ԱԳ նախարարի տեղակալը պանամացի դիվանագետին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: Պանամայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հանձնառությունն է հայտնել ներդնել ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման համար:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, ի թիվս այլոց քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, իրավական դաշտի զարգացմանը, ինչպես նաև համագործակցության և շփումների ակտիվացմանը բազմակողմ հարթակներում:

Պարույր Հովհաննիսյանը պանամացի դիվանագետին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումների կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը և վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: