Առանց ժողովրդին հարցնելու Փաշինյանը հանձնում է Արցախը․ Արթուր Խաչատրյան

Առանց ժողովրդին հարցնելու Փաշինյանը հանձնում է Արցախը․ Արթուր Խաչատրյան

«Մենք տևական ժամանակ զգուշացնում էինք, որ ՔՊ-ական իշխանությունները ձեռքը լվանում են Արցախի մեր հայրենակիցների ճակատագրից։ Հրաժարվում են Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորի իրենց հանձնառությունից։ Ավելի պարզ ասած՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները, խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը Արցախը հանձնում են Ադրբեջանին»,-ԱԺ հայտարարությունների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նկատեց,  որ շատերը չեն հավատում, որ հայկական Արցախը կարող ենք հանձնել ադրբեջանցի բորենիների  բզկտմանը։

«Մեզ մեղադրում են իշխանություններին ճիշտ չհասկանալու կամ նույնիսկ իշխանությունների վարած քաղաքականությունը նենգափոխելու համար։ Չնայած ինչ չհասկանալու մասին է խոսքը, երբ Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի լիակատար տարածքային ամբողջականության մասին, ինչ-որ 86 600 քմ կիլոմետրի մասին։ Արցախի անկախ լինելու տեսական և գործնական հնարավորությունների բացակայության մասին։ Երեկ Փաշինյանը բաց տեքստով ասաց այն, ինչից խուսափում էր առնվազն 2,5 տարի։ Նա հայտնեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, այսինքն Արցախը հանձնում է Ադրբեջանին»,-ընդգծեց պատգամավորը։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ Փաշինյանը իրավունք չունի ժողովրդի անունից նման որոշում կայացնել։

Պատգամավորը շեշտեց` Արցախի Հանրապետությունը Փաշինյանի սեփականությունը չէ։