Բերբոքի «անկեղծությունը»

«Ես հանդես եմ գալիս, որ էսկալացիա տեղի չունենա այս տարածաշրջանում, որ այս պատուհանն օգտագործվի խաղաղության համար»,- Հայաստանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։
Նախարարն, ըստ էության, ուղիղ չի պատասխանել հարցին, թե արդյոք Գերմանիան պատրա՞ստ է կանգնեցնել նավթի ու գազի ներկրումը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, եթե հարձակում տեղի ունենա Հայաստանի վրա։
«Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կանգնած է այդ երկու երկրների կողքին, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի»,- ասել է նա։
Շատ փորձագետներ նկատում են, որ Գերմանիայի ԱԳ նախարարն ուղիղ պատասխան չի տվել պատժամիջոցների մասին հարցին, մինչդեռ մենք միանգամայն այլ կարծիքի ենք: Բերբոքն, ըստ էության, շատ անկեղծ ու շիտակ պատասխան է տվել՝ հասկացնելով, որ բացառում է մի տարբերակ, որը կստիպի Բեռլինին կամ Արևմուտքին՝ առհասարակ, կանգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրություն կատարելու իմպերատիվի առաջ: Այլ խոսքով, արևմտյան որևէ մայրաքաղաքում չի դիտարկվում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ դարձյալ շատ պարզ պատճառով. Արևմուտքում որևէ մեկը շահ չունի դաշնակցելու Հայաստանի հետ՝ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի:
Սա պարզ ու աքսիոմատիկ ճշմարտություն է, հետևաբար՝ Արևմուտքում ոչ թե «փրկիչներ» պետք է փնտրել, այլ գործընկերներ, որոնց հետ հարաբերություններն անհրաժեշտ է կառուցել իրատեսական օրակարգի ու ակնկալիքների համատեքստում:
Վահրամ Բագրատյան