Կառավարական շենքերի անվտանգության հարցերն են լուծում, Սամվել Բաբայանին մրցակիցներ են հայտնվել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետության անվտանգությունը մի կողմ թողած՝ իշխանությունները կառավարական շենքերի ու պետական այլ շենքերի անվտանգության հարցերն են օր ու գիշեր լուծում։ Կրկին ԱԺ շենքի անվտանգության մակարդակն են որոշել բարձրացնել։
Չնայած նախկինում էլ են նման միջոցառումներ արվել՝ պարիսպների ճաղերն են թարմացվել, փշալար է քաշվել պարսպի վրա։ Էլ չասած, թե քանի անգամ են շենքը վերանորոգել։
Այս անգամ էլ հակահրդեհային եւ տեսահսկման համակարգն են թարմացնում, նոր տեսախցիկներ եւ հակահրդեհային միջոցներ ու սարքավորումներ ձեռք բերում։ Այդ նպատակի համար ԱԺ-ն 39 մլն դրամ է հատկացրել պետական բյուջեից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարական կաբինետում արդեն տեւական ժամանակ է՝ սպասողական ու լարված վիճակ է:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ վաղուց էր գրել, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մտադիր է անգործություն ցուցաբերած նախարարներին պաշտոնանկ անել: Գրել էինք նաեւ, որ «սեւ ամպեր» են կուտակվել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխին:
Բանն այն է, որ Փաշինյանը համարում է՝ այս նախարարները ողջ ընթացքում անգործություն են ցուցաբերել ու տապալել են իրենց ոլորտը: Հակոբ Սիմիդյանը, բացի շրջագայություններից, իր ոլորտում ոչինչ չի արել, Նարեկ Մկրտչյանը նույնպես տապալել է իր ոլորտը, թեեւ գեղեցիկ խոսում, նկարագրում է, հիմա էլ, մասնավորապես, բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծումներն են ձախողված համարվում, իսկ Սանոսյանը ոչ միայն անգործություն է ցուցաբերել, այլեւ նախարարությունը դարձրել է իր գյուղի ակումբը:
Բանն այն է, որ Փաշինյանին այս ընթացքում դժգոհություններ են հասցրել, որ Սանոսյանը ՏԿԵ նախարարությունում իր ծանոթներին, համագյուղացիներին է տեղավորել, որոնք, առհասարակ, կապ չունեն ոլորտի հետ: Կարճ ասած, զերո պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի սեւ ցուցակում է հայտնվել նաեւ Անահիտ Ավանեսյանը, որը, սակայն, արդեն համակերպվել է, որ շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, ու ջանք էլ չի գործադրում ոլորտում աչքի ընկնելու, որևեւէ բան փոխելու համար: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեռացնել այս նախարարներին, բայց խնդիրն այն է, որ իր թիմում նրանց փոխարինողներ դեռ չի գտնում:
Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՔՊ-ականների մեծ մասն ընդամենը օգնականի կամ խորհրդականի պաշտոններ զբաղեցրած, աշխատանքային ոչ հարուստ փորձով, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են: Տեխնոկրատ, բանիմաց մասնագետներն իրենց տեղը չեն գտնում պետական համակարգում. այն դեգրադացված է։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հայտագիր է փոխանցվել: Խոսքը վերաբերում է ռուսական «Առաջին ալիքի» «Տուտիի գահաժառանգի տիկնիկները. Նիկոլ Փաշինյան՝ աղետի գուժկանը» թողարկմանը: ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ «հաղորդման ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»: Նման արձագանքը լիովին հասկանալի է՝ նման պայմաններում, սովորաբար խնդրո առարկա երկրի դեսպանին հրավիրում են ԱԳՆ և համապատասխան «բողոքի նոտա» փոխանցում, ինչը և արվել է: Անհասկանալի կլիներ անտեսումը:
Մյուս կողմից՝ հասկանալի է նաև մեր բազմաթիվ այն հայրենակիցների վրդովմունքը, որոնց կարծիքով, հիշյալ հաղորդման ընթացքում ոչ միայն «ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը», այլ հայ ժողովրդին են վիրավորել, առհասարակ, և Հայաստանի ու հայերի մասին նման տոնայնությամբ խոսելն անընդունելի է: Այնպես որ, կրկնենք, անխուսափելի ու բնական էր, որ հիշյալ հաղորդումից հետո պետք է որոշակի արձագանք հետևեր, առաջին հերթին՝ պետական կառույցներից: Բայց կա նաև հարցի մյուս կողմը, որը երբեմն անտեսվում է: Բանն այն է, որ փաստերը պետք է դիտարկել ընդհանրության և պատճառահետևանքային կապի մեջ: Երբ դու ամեն ինչ անում ես, այդ թվում՝ ցուցադրաբար, Ռուսաստանի հետ թշնամանալու համար, երբ նույն քպականները ՌԴ տարբեր պաշտոնյաների հրապարակավ վիրավորում են, ի՞նչ կարող ես ակնկալել:
Ի՞նչ է, ռուսներն աչք էին փակելո՞ւ այդ ամենի վրա, ռուսական պետական հեռուստաալիքները, բալալայկան վերցրած, փառաբանելո՞ւ էին Նիկոլ Փաշինյանին: Եթե դու հետևողականորեն ուզում ես փչացնել հարաբերություններդ Ռուսաստանի հետ, պետք է պատրաստ լինես նաև ստանալու նման «արձագանքներ»: Ըստ որում, հաշվի առնելով ռուսական քաղաքական իրողությունները, հիշյալ հաղորդումը կարելի է, այսպես ասած, «ծաղիկ» համարել: Ասել կուզի՝ դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդ երկրում գտնվող միլիոնավոր մեր հայրենակիցների, դեպի ռուսական շուկա արտահանվող կամ «վերաարտահանվող» ապրանքների հետ: Այնպես որ, իրավացիորեն վրդովվելուն զուգահեռ՝ չի խանգարում նաև մի քիչ մտածելը, նաև հասկանալը, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է լինում...
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետական ինստիտուտների լուծարման եւ ավերակաց վրա թագավորելու ձգտող Սամվել Բաբայանին մրցակիցներ են հայտնվել։ Տեղեկություն կա, որ իշխանությունները հիասթափվել են Բաբայանի՝ Արցախի ներկայացուցչության դիմաց կազմակերպված ակցիայից եւ որոշել են այլ դերակատարների ակտիվացնել։
Հնարավոր է՝ գործընթացն իր ձեռքը վերցնի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ով արցախցիների առաջնորդի կարգավիճակում պատկերացնում է Արցախի նախկին արտգործնախարար, սորոսական շրջանակների համար ընդունելի Մասիս Մայիլյանին։
Ըստ իշխանական ծրագրի՝ Արցախի պետական կառույցները կփոխարինվեն հասարակական կազմակերպություններով կամ կառույցներով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձաժողովի անդամներին առաջարկել է Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով կանչել Սամվել Բաբայանին։
Նաեւ տեղեկություններ են պտտվում, որ ԱԺ քննիչ հանձնաժողով պետք է կանչվեին Արայիկ Հարությունյանը եւ Ջալալ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը չկանչվեց, քանի որ Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների պատճառով ադրբեջանական գերության մեջ է։ Ջալալ Հարությունյանն առողջական խնդիրների պատճառով ամեն անգամ չի կարող գնալ ԱԺ, այդ պատճառով էլ նրա մասնակցությամբ եւս հանձնաժողովը նիստ չգումարեց։
Հիշեցնենք նաեւ, որ Սամվել Բաբայանին կանչում են Քննիչ հանձնաժողով, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Սամվել Բաբայանը եւ Աննա Հակոբյանը հանդիպել են Փաշինյանի տիկնոջ հրամանատարական կետում, եւ այնտեղ նրանց միչեւ ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել։
Հավելենք նաեւ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը վերջերս պասիվ գործունեություն է ծավալում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 1 տրլն 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով: Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով ևս խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետբյուջե է վճարել 52,4 մլրդ դրամ:
Ի դեպ, ընդհանուր առմամբ, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը հունվար-սեպտեմբերին պետական բյուջե է վճարել 57,5 մլրդ դրամ կամ շուրջ 145 միլիոն դոլար: Ի մասնավորի, «Գեոպրոմայնինգ գոլդը» 85-րդ հորիզոնականում է՝ 2,8 մլրդ դրամ վճարած հարկերով, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 102-րդն է՝ 2,3 մլրդ դրամով: Նշենք, որ համեմատած թե՛ 2022 թվականի տարեկան, թե՛ 2023 թվականի առաջին եռամսյակի, թե՛ 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքների հետ, առաջատար եռյակը դարձյալ անփոփոխ է:
ԶՊՄԿ-ին հաջորդում են «Գազպրոմ Արմենիան»՝ 39,5 մլրդ դրամ, և «Գրանդ Տոբակոն»՝ ավելի քան 31 մլրդ դրամ վճարված հարկերով: 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ լավագույն տասնյակում գտնվողների մեջ առաջընթաց են գրանցել «Մոբայլ սենթրը» և «Փրիթի ուեյը», որոնք, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղում են: Նրանց հաջորդում են «Ամերիաբանկն» ու «Արդշինբանկը»:
«Հրապարակ» թերթը գրում է. Մինչ քաղաքային իշխանությունները կադրային «ռակիրովկաների» մեջ են, իսկ այսօր հրավիրած ավագանու արտահերթ նիստում պատրաստվում են ընտրել Երեւանի փոխքաղաքապետերին, ընդդիմադիր ուժերը վճռական են տրամադրված՝ որոշել են հարամել Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը։ Ավինյանի երդմնակալությունից հետո մենք գրել էինք, որ երդմնակալության նիստը հրավիրվել է օրենքի խախտումներով` այդ նիստին պետք է մասնակցեր ավագանու կեսից ավելին, որ այն իրավազոր լիներ՝ երդմնակալության արարողությունն անելու, մինչդեռ մասնակցել են միայն ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները, ուստի Տիգրան Ավինյանը չի կարող օրենքով սահմանված կարգով իրականացնել քաղաքապետի լիազորությունները։
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում։ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի նիստին երեք խմբակցությունները` «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը» եւ «Հանրային ձայնը», չեն մասնակցել, իսկ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» միասին չունեն մեծամասնություն, ուստի չէին կարող քվորում ապահովել։ Մենք հարցում էինք արել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, Նանա Սարգսյանը մեզ պատասխանել էր, որ իրենց խմբակցությունից ոչ ոք չի մասնակցել նիստին, անգամ քաղաքապետարանին մոտ չեն գնացել։
Արդյունքում ստացվում է, որ Երեւանի քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները, եւ նա չի կարող առաջիկայում հրավիրել ավագանու նիստեր, կատարել օրենքով սահմանված այլ լիազորություններ։ Ուստի ոչ իշխանական խմբակցությունները կարող են գործընթաց սկսել եւ պատասխանատվության ենթարկել ՔՊ-ին ու քաղաքային իշխանություններին, ընդ որում՝ քաղաքականից բացի, նաեւ իրավական պատասխանատվության հարց բարձրացնել։
Մեր հրապարակումից մեկ շաբաթ եւ մեկ օր անց քաղաքական ուժերը տեղից շարժվեցին։ Երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարեց, որ դիմելու են դատախազություն։ Այս կուսակցությունը, հիշեցնենք, մասնակցել է ավագանու ընտրություններին, սակայն չի հաղթահարել անցողիկ շեմը: Հայտարարության մեջ հիշեցրել են, որ նման իրավիճակ այլ մարզային համայնքներում եւս եղել է, եւ կառավարությունը դադարեցրել է տվյալ համայնքների ավագանու լիազորությունները։ «Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել նաեւ Թալին եւ Սիսիան համայնքներում։ Մասնավորապես, 2022թ․ մայիսի 13-ին կառավարությունը դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները՝ հիմնավորելով երդման արարողության նիստին քվորում չլինելու եւ հետագայում նիստեր չհրավիրելու հանգամանքը։ 2022թ․ դեկտեմբերի 29-ին կառավարությունը որոշում է կայացրել՝ դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները՝ նաեւ երդման արարողության նիստին քվորում չլինելու հանգամանքով։ Կոչ ենք անում ընդդիմադիր խմբակցություններին՝ չմասնակցել օրենքի ակնհայտ խախտումով հրավիրվող ավագանու նիստերին։
Կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Զուգահեռ, երեկ նաեւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն է գրություն հասցեագրել Տիգրան Ավինյանին՝ պահանջելով իրեն տրամադրել երդմնակալության օրվա նիստի ամբողջական արձանագրությունը: Մինչդեռ, մեր տեղեկություններով, նիստը չի արձանագրվել՝ քվորումի բացակայության պատճառով, այսինքն՝ ՔՊ-ի եւ «Հանրապետության» ավագանու անդամները չեն գրանցվել։
Մինչ «Ապրելու երկիրը» կդիմի դատախազություն, եւ պարզ կդառնա, թե մասնավորապես ինչ հիմքով է դիմումը, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունը պահանջելու է հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, իշխանության ներկայացուցիչներին, որոնք պաշտոնական դիրքի չարաշահում են թույլ տվել, դիցուք՝ նիստն իրավազոր չի եղել, բայց խմբակցության ղեկավարը, քարտուղարը չեն զեկուցել այդ մասին, կամ էլ վերադասն իմացել է, բայց աչք է փակել այդ լուրջ փաստի վրա։
Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունից պաշտոնական պարզաբանում չհաջողվեց ստանալ, սակայն մեր աղբյուրները վստահ են, որ ընդդիմադիրների սկսած գործընթացը լուրջ հետեւանքներ չի ունենա, քանի որ խնդրի հետ կապված՝ հանրային մեծ հնչեղություն չկա, ուստի կանցնի-կգնա։ Իսկ եթե աղմուկ բարձրանա, ապա օրենքում համապատասխան փոփոխություններ կիրականացվեն` նոր նիստ կհայտարարվի, եւ նոր գործընթացով Ավինյանը կստանձնի լիազորությունները։
Այս պահին կրկին կարեւորվում է «Հանրային ձայն» կուսակցության պահվածքը: