Ինչպե՞ս է Մանե Թանդիլյանի առողջական վիճակը

Արխիվային լուսանկար
Արդեն չորրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ու իր կուսակից ընկերներից մի քանիսը հացադուլ են իրականացնում՝ հաջակցություն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների։
Այսպիսով նրանք ցանկանում են իրենց ձայնը հնչեցնել ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապօրինաբար պահվում է Բաքվի բանտերում, խոշտանգվում և կտտանքների ենթարկվում։ Նրանցից մեկը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս ամենին դեմ դուրս գալով նաև հացադուլ է իրականացնում, ինչն էլ հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացմանը։
«Չպիտի լռենք»,- նշում են Թանդիլյանն ու իր հետ հացադուլ իրականացնողները։ Նշենք, որ երեկ՝ հացադուլի երրորդ օրվա ընթացքում վատացել էր Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը, բժիշկները նրան առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։ Երբ MediaHub-ի նկարահանող խումբը գնաց Ազատության հրապարակ, Թանդիլյանն արդեն քնել էր։
Այսօր էլ հետաքրքրվեցինք, թե ինչպես է իրեն զգում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դիմանում է։
«Գիշերը քնել եմ, հիմա նորմալ եմ ինձ զգում»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր նաև ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն է այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին։ Իսկ իշխանությունից որևէ մեկը չի եկել նրանց այցելելու, բացառությամբ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի, որին երեկ մենք նկատեցինք Ազատության հրապարակում և տեղեկացրինք, որ Մանե Թանդիլյանը մի քանի քայլ այն կողմ հացադուլ է իրականացնում։ Մեզ հետ զրույցից հետո Ստեփանյանը մոտեցավ այն վրանին, որտեղ հացադուլ իրականացնող քաղաքացիներն էին։
Նարե Գնունի