Արտաշատի համայնքապետի խորհրդականը որպես վկա հարցաքննվել է

Արտաշատի համայնքապետի խորհրդականը որպես վկա հարցաքննվել է

Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած գործողություններից հետո համայնքապետարանը փորձում է վերադառնալ բնականոն գործունեությանը։

Թեև որևէ մեկնաբանություն չունեն, թե ինչ է կատարվել, կամ ինչ կոռուպցիոն գործով է 11 հոգի ձերբակալվել, այնուամենայնիվ համայնքապետարանից վստահեցնում են՝ ամեն ինչ նորմալ է։

«Գործի մասին մենք չենք խոսելու, նման որոշում ունենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց համայնքապետի մամուլի քարտուղարը։

Թե ինչ հիմնավորմամբ, համայնքապետարանից չեն ներկայացնում, պարզապես ասում են, որ նման որոշում կա։ 

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ որպես վկա հարցաքննվել է Արտաշատի համայնքապետի խորհրդական Վարդան Այվազյանը։ 

Ըստ մեր աղբյուրների՝ ասֆալտապատման աշխատանքների համակարգման առումով ամեն բան արվել է համայնքապետի հստակ գիտությամբ, սակայն բոլոր փաստաթղթերում Այվազյանի անունն է ներկայացված։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Արտաշատի համայնքապետարանում իրականացված գործողությունները կապված են եղել ասֆալտապատման աշխատանքների և տենդերների հետ։ Խոսքը միլիոնավոր դոլարների հասնող տենդերի մասին է։ Տեղեկացնենք նաև, որ Հակակոռուպցիոնը 11 արկղ փաստաթուղթ է առգրավել համայնքապետարանից։

Նարե Գնունի